Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրն արդեն մթնել էր։ Քաղաքային ժողովարանի դահլիճը, ուր պիտի կայանար կոնցերտը, լուսավորվում էր առաստաղից քաշ տված երեք ահագին ջահերով և պատերին խփած բազմաթիվ կանթեղներով։ Օրիորդը, Դոլմազովի ուղեկցությամբ, բարձրացավ ընդարձակ սանդխտով դեպի դահլիճը։ Ներկայացումը դեռ չէր սկսվել։ Հանդիսականները, այս ու այն կողմ ցրված, զբոսնում էին։ Երիտասարդ վաճառականների մի խումբ նախասենյակի մի անկյունում պատրաստած բուֆետի առջև, մի սեղանի շուրջը հավաքված, կոնծում էր... Խմբի մեջ երևում էր և՛ Սերգեյ Իվանիչը, որի հետ մենք ծանոթացանք կայարանի վրա։

Պետր Ստեփանիչն աշխատեց դահլիճ մտնել Կատերինա Կարլովնայի հետ այնպես, որ խումբը չնկատի։ Բայց այս չհաջողվեց նրան։

— Օհո՛, Պետո, լույսը քեզ տեսնողին,— գոչեց բարձր ձայնով խմբի միջից երեսը սափրած մի երիտասարդ կարմրած աչքերով։

Նա, իսկույն բաժանվելով խմբից, մոտեցավ Դոլմազովին։

— Բարև, Սիմոն Լազրիչ, քե՞ֆդ,— հարցրեց Պետր Ստեփանիչը, մի քիչ շփոթվելով և արագությամբ սեղմելով երիտասարդի ձեռը։

— Կա՛ց, ո՞ւր ես փախչում, կա՛ց․․․ տեսնեմ այդ ով է քեզ հետ,— ասաց երիտասարդը, բռնելով Դոլմազովի թևից։

— Օհո՛, Պետո՛, շնորհավորում եմ, ի՞նչ տեղից ես ճանկել այդ լուսնյակին։

Բայց Պետոն աշխատում էր խույս տալ։ Նա, մի կերպ յուր թևն ազատելով երիտասարդի ձեռից, շտապեց դեպի Կատերինա Կարլովնան, որն այդ ժամանակ այնչափ հեռու էր, որ չէր լսում նրա խոսակցությունը։

— Տղերք, նոր խաբար, Դոլմազովը, ղոչաղը նոր որս է արել,— ասաց երիտասարդը, վերադառնալով և կրկին խառնվելով խմբին։

— Ո՞վ է, ո՞վ,— հարցրին միաբերան մի քանիսը խմբի միջից։

— Հայի էր նմանվում, բայց չճանաչեցի, լուսնյակ է,