Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը։ Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն։ Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից։ Մի տենդային սաստիկ դողոց սկսեց ցնցել նրա ամբողջ մարմինը ոտից մինչև գլխի մազերի արմատները։

— Ի սեր աստուծո, Պետր Ստեփանիչ, բա՛ց արեք արտասանեց, վերջապես, հուսահատ ձայնով։

Դոլմազովը նայեց նրան և ասաց.

— Ձրի չեմ բաց անիլ․․․

— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց օրիորդը, բոլորովին գունաթափվելով։

— Ւ՞նչ եմ ուզում, հը՛մ, ոչինչ․․․

Դոլմազովը չկարողացավ ավարտել յուր խոսքերը։ Մի ինչ-որ ներքին ուժ այդ վայրկյանին կաշկանդեց նրա լեզուն։ Նա մի քանի վայրկյան գլուխը թեքեց կրծքին։ Բայց հանկարծ կրկին բարձրացրեց գլուխն և, ձեռները տարածելով առաջ, մի ոստումով թռավ դեպի օրիորդը։ Վերջինն արագությամբ հետ մղվեց և մեջքը տվեց պատին, կարծես, պաշտպանողական դիրք բռնելով։ Դոլմազովը մի ոստում ևս արավ, և այս անգամ նրա տարածված թևերն ունելիքի պես ձգտեցին ճանկելու պատի տակ սեղմված օրիորդին։

— Հեռո՛ւ, եթե ոչ․․․

Դոլմազովի կուրծքը ստացավ երկու ձեռների մի սաստիկ հարված, և նրա մարմինը մի քանի քայլ հետ մղվեց։ Մի վայրկյանում նրա փոքրիկ սատանայական աչքերն արյունով լցվեցին, ճակատի կնճիռները բացվեցին տափակ կուրծքը դուրս ցցվեց և, նա կատաղի առյուծի նման կրկին առաջ թռավ, բացականչելով. «Բավական է, ինչքան համբերեցի»։

Բարձրացավ մի զարհուրելի ճիչ. մի ճիչ, որ միայն հուսահատված կրծքից կարող էր դուրս թռչել։ Այնուհետև սենյակում տիրեց անթափանցելի խավար․․․