Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IX

Անցել էր երկու ամիս։ Պետր Ստեփանիչ Դոլմազովը մի առավոտ խալաթը հագին նստած էր յուր աոանձնասենյակում, դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի մոտ։ Նա տխուր էր։ Նրա կնճռված ճակատը և սեղմված շրթունքներն արտահայտում էին հոգեկան անհանգստություն։ Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ։ Այդ տևում էր մի քանի րոպե։ Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր։

Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր։ Ժամանակ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում։ Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա։ Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա։ Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ։ Վերջապես, ծառան համարձակվեց ասելու․

— Աղա, չայը սառել է։

— Գնա՛, կո՛րիր։

Ծառան անհայտացավ։

Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ։

Այո, դժվար խնդիր է։ Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից։ Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համար — անշուշտ հարկավոր է։ Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ․․․