Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ։

— Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր։

Սմբատը լռեց։ Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ։ Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց։

Որպիսի՞ բախտավորություն, որպիսի անսպասելի երջանկություն մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար։ Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր։ Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ, նրան երազ էր թվում Դոլմազովի աոաջարկությունը: Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները, Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը։ Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից։

— Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ,— կրկնում էր նա ինքն իրան անդադար։— Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն։ Կատերինա Կարլովնան... հը՛մ... կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...

Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանազան բաներ է պատվիրում և այլն։

Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն։ Սմբատը