Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնան ջի հետ ձեռք-ձեռքի տված։ Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է։ Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը։ Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին։ Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ։ Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն։

Բայց, ավա՛ղ, Սմբատի երջանկությունն երկար չի տևում։ Անգութ ճակատագիրը շտապում է ողորմելի երիտասարդի կարծեցյալ բախտավորությունը վերափոխել դժբախտության։

Հարսանիքի չորրորդ օրն է։ Առավոտ է։ Արեգակը, նոր-նոր դուրս գալով, շառագունում է երկնակամարը, և ահա Սմբատը գիշերային շորերով նստած է յուր սենյակում։ Նրա դեմքը տխուր է և գունաթափ, շրթունքները սեղմված, ճակատը կնճռված։ Նա անդադար կրծքից խորը հառաչանքներ է արձակում և երբեմն գլուխն երկու ձեռներով սեղմում է կամ մազերը փետում։

Ուղիղ երկու ժամ Սմբատը միայնակ մնում է այդ դրության մեջ՝ փակված յուր սենյակում։ Հետո նա հանկարծ բարձրանում է տեղից, շորերը հագնում և խելագարի պես գզգզված մազերով, անլվա երեսով, վազում փողոց։ Նա ամբողջ օրը չի վերադառնում տուն, մյուս օրը նույնպես։ Սկսում են փնտրել այստեղ ու այնտեղ, չկա ու չկա...

Ո՞ւր է Սմբատը։

XII

Մի հիանալի, մի դյութական տեսարան է ներկայացնում ծովեզրյա քաղաքը լուսնյակ գիշեր, երբ եղանակը բոլորովին խաղաղ է։ Կանգնելով ծովափում և բազմաթիվ նավերի անտառախիտ