կայմերի միջով նայելով ջրի անհուն տարածումթյանը, որի հարթ մակերևույթն արծաթափայլում է պայծառ երկնքի երեսին սահող լրացած լուսնի կաթնագույն լուսով, մարդ ակամա հափշտակվում է։ Սա մի անհասկանալի զորություն, մի անբացատրելի ուժ, որն այստեղ րոպեաբար մոռացնել է տալիս մարդուն այն ամենն, ինչ որ պատկանում է նյութական աշխարհին, և նա, կարծես, կախարդվում է։ Մարդ հոգով ու մտքով այդ անհասանելի զորության ուժից մղվում է հեռու-հեռու, դեպի երկնքի անհուն խորությունը, ուր չկան այն դառնություններն, առօրյա մանր հոգսերն ու վշտերը, որոնց ներքո գիշեր ու ցերեկ ճնշված է մահկանացուն։ Այդպիսի րոպեներում մարդ ոչինչ չի կարողանում մտածել, ոչ մի միտք կանգ չի առնում նրա գլխում։ Այդպիսի րոպեներում միտքը կաշկանդվում է, երևակայությունը բորբոքվում է, և մարդ կարծես լողում է ինչ-որ վերացական աշխարհի մեջ, ուր նա հետզհետե հալվում է, ինչպես մի կտոր սառույց եռացող ջրի կաթսայում։
Ահա մի այդպիսի հրաշալի երեկո էր, երբ, Կատերինա Կարլովնայի հարսանիքից հինգ օր անցած, ծովային կայարաններից մեկի ծայրում, ոլոր-մոլոր քայլերով անցուդարձ էր անում մի երիտասարդ։ Եղանակը, ամառային լինելով, բավական տաք էր։ Երիտասարդը հագած էր սևագույն մահդյա հագուստ առանց վերարկվի։ Նա գլխաբաց էր, ձեռները ծոցում խաչաձև ծալած և սպիտակ ամառային գդակը կռնատակին պահած։ Ժամանակ-ժամանակ նա կանգ էր առնում և գլուխը բարձրացնելով, նայում լուսնին, որը կամ մտնում էր բամբակագույն նոսր ամպերի տակ և քողարկվում, ինչպես մի գեղատեսիլ, նազելի օրիորդ, կամ կրկին դուրս սահում։
Մի ամբողջ ժամ էր, որ Սմբատն այդպես անցուդարձ էր անում այստեղ։ Կայարանի մի անկյունում, ծովի երեսում կանգնած էր մի փոքրիկ բեռնակիր շոգենավ, որ պատրաստվում էր ճանապարհ ընկնելու։ Նավաստիները տախտակամածների վրա ապրանքներ էին դարսում։ Շոգենավի վրա կային միայն մի քանի պարսիկ ճանապարհորդներ։ Կարճլիկ, կարմրերես և հաստ շվեդացի նավապետը, ձեռները գրպանում դրած, տախտակամածի ծայրից յուր սուր հայացքը ձգել էր