— Համաձայն եմ։
— Միայն թե դու ինձ չընդհատես։
— Հարկավոր եղած ժամանակ չեմ կարող չընդհատել։
— Գեղեցիկ։ Բայց նախ թույլ տուր, որ կոկորդս թրջեմ, որպեսզի լավ խոսեմ։
Արզաս Պետրովիչը մի բաժակ ևս դատարկեց և, թաշկինակով բեղերը սրբելով, ասաց.
— Լսի՛ր։
Գևորգը արմունկները դրեց սեղանի ծայրին, գլուխը թեքեց ձեռների ափերին և աչքերը հառեց Արզաս Պետրովիչի երեսին։
Արզաս Պետրովիչն այսպես սկսեց իր պատմությունը։
— Հազար ութ հարյուր յոթանասուն ու ֆլան թվականին, քսանուվեց տարեկան հասակում, ուսումս ավարտեցի և վերադարձա հայրենիք։ Իհարկե, իբրև նորավարտ, թարմ երիտասարդ, ես գլխումս դարսած բերեցի գեղեցիկ գաղափարների մի շարք, որ մտադիր էի իրագործել հասարակության օգտին։ Այդ գաղափարների շարքին ես կին ասված էակի մասին ևս ունեի որոշ հայացքներ, որոնք սկզբունքով հակառակ էին ներկա հայացքներիս։ Խոսք չկա, Գևորգ, գիտես, թե որքան առաջադեմ և ազատամիտ պիտի լինեին այդ գաղափարները։ Ճիշտ նույնը, ինչ որ դու ունես այժմ, այսինքն՝ ազատ սեր, հավասար իրավունքներ, իդեալ, ֆլան-ֆստան։ Մի խոսքով, պատանեկական վարդագույն երևակայություն, որ այժմ մի փոքր մթնեցնում է քո ուղեղը, իմ սիրելի Գևորգ։
Գևորգի շրթունքներով սահեց մի դժգոհ ժպիտ։
— Դե, լավ, մի՛ վիրավորվիլ, մյուս անգամ չեմ կրկնիլ, շտապեց հանգստացնել նրան Արզաս Պետրովիչը և շարունակեց։— Այսպես, Գևորգ ջան, ես եկա հայրենիքս հայտնի գաղափարներով։ Ներիր, որ այդպես մանրամասնորեն եմ սկսում պատմությունս. մի քանի հանգամանքների հետ