հարկավոր է քեզ ծանոթացնել, որպեսզի չկարծես, թե ես բոլորովին զուրկ եմ եղել գաղափարական կյանքից։ Ինչպես գիտես, իմ մասնագիտությունը բժշկականությունն է։ Բախտի բերմունքով, ինձ շուտով հաջողվեց պաշտոն գտնել հենց այն քաղաքում, ուր այս րոպեին քո խոնարհ ծառան պատիվ ունի նկարագրել յուր կյանքից մի կտոր։ Այդ առաջին հաջողությունն ինձ խրախուսեց, բառի բուն նշանակությամբ ես մտա կյանքի մեջ։ Ես սկսեցի քարոզել իմ նոր գաղափարները։ Շատերն արհամարհեցին, շատերն էլ համակրեցին և մի հայ ընկերության մեջ, մի թեթև ճառից հետո, անմիջապես ընդունեցին ինձ գործող անդամ (շա՛տ մեծ օգուտներ տվեցի այդ ընկերության)։ Բայց ինձ ավելի զբաղեցնում էին կանայք, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես ձգտում էի ծանոթանալ այդ քնքուշ կոչված սեռի հետ։ Իհարկե, իբրև հայ և ազգասեր հայ (ես մի փոքր լայնամիտներից էի), ավելի մոտ էի հայ ընտանիքներին։ Ես ծանոթացա շատերի հետ։ Դու գիտես, որ բժիշկն այդ կողմից ավելի դյուրություններ ունի, քան մի ուրիշը։ Ինձ վրա խորթ աչքով չէին նայում ընտանիքներում, մինչև անգամ տեղ-տեղ ընդունում էին հաճությամբ։ Պիտի ավելացնել, որ ես այդ ժամանակ դեմքով էլ վատ չէի։ Հիմա քիչ խունացել եմ, դե ութ տարի հեշտ է միայն բերանով ասել։ Մի տիկին մինչև անգամ մի տեղ ասել էր, որ իբրև թե իմ շրթունքների վրա միշտ խաղում է չգիտեմ ինչ մի հրապուրիչ ժպիտ, որ կանանց համար վտանգավոր է։ Բայց դա ինձ այնքան չէր հետաքրքրում։ Ես կնոջ վրա նայում էի ուրիշ աչքով և երբեք թույլ չէի տալիս ինձ ստորանալ նրան դուր գալու միայն արտաքուստ։ Գիտե՞ս ինչու, հըմ, որովհետև գաղափարասեր էի։ Հա՛յ գիդի հիմար երիտասարդություն։ Քո կենացը, Գևորգ։
— Ինչպես ասացի,— շարունակեց Արզաս Պետրովիչը, գարեջուրը խմելուց հետո, բաժակը իրանից հեռու դնելով,— ես դեռ ուսումնարանական նստարանի վրա ունեի կազմած որոշ գաղափար կնոջ մասին, ի միջի այլոց, և հայ կնոջ մասին։ Հայ կնոջն ես երևակայում էի իբրև գեղեցիկ, թարմ, առողջ, բայց անմշակ նյութ, որից կարելի է պատրաստել մի հրաշալի բան։ Բայց կարող ես զգալ, թե որքան ես խաբված համարեցի ինձ, երբ հակառակը գտա, առաջին անգամ՝ գոնե