ֆիզիկական կողմից։ Ո՛ր տունը, ո՛ր ընտանիք մտնում էի, ինձ հանդիպում էին կարճահասակ, պշկած, թառամած, քիթը երկայն, մեջքը ծուռ, կուրծքը ներս ընկած էակներ։ Դրանք հայ օրիորդներն էին, որոնց դեմքերից, կարծես մի չար ձեռք ջնջել էր բնորոշ շարժումը, աշխուժությունը, այսինքն՝ այն, ինչ գրավում է երիտասարդին։ Այդ երևույթն ինձ խիստ ցավեցրեց։ Այսպես, Գևորգ, ես տեսա, որ հայ կինն առողջ չէ։ Դա թեթև բան չիմանաս, Գևորգ, նամանավանդ մի բժշկի համար, որ դատում էր. «Առողջ հոգին առողջ մարմնի մեջ»։ Բայց ես չվհատվեցի և աշխատում էի գտնել այդ սփրթնած, ժահրադեմ էակների մեջ կենդանություն։ Դա ինձ համար մի քիչ դժվար եղավ։ Պիտի ասել, որ այդ կողմից ինձ չափազանց վրդովում էին հայ մայրերը։ Ախ, այդ ատելի թասակրավները, այդ թթված Կեկել-Փեփելները, ինչ տուն որ մտնում էի, ինձ կատարելապես հալածում էին իրանց միատեսակ «վի՞ն արիս» և «կտո՞ տակոյ»-ներով։ Բայց չգիտեմ ինչու, երբ այդ «վի՞ն արիս»-ների և «կտո՞ տակոյ»-ների փոխարեն լսում էի «ո՞վ է», սակավ էի վրդովվում։ Գուցե դա իմ ազգասիրությունից էր։ Բայց, այսուամենայնիվ, ինձ դարձյալ զայրացնում էին այդ հարցերը։ Ես տեսնում էի, որ ամեն տեղ ինձ վրա նայում են իբրև մի փեսացուի վրա։ Այս պատճառով անկարելի էր ինձ՝ հայ օրիորդին տեսնել յուր բնական և ստացածին լավ ու վատ առանձնահատկություններով։ Ինձ թվում էր, թե հայ օրիորդներն այն չեն, ինչ աշխատում են ձևանալ։
— Մի օր, սիրելի Գևորգ, իմ բարկությունը հասավ իր գագաթնակետին։ Առավոտ էր, ես նստած թեյ էի խմում և մի նոր դուրս եկած հայերեն գիրք թերթում։ Հանկարծ ծառաս ներս մտավ և քաղաքային փոստայով ստացված մի նամակ տվեց ինձ։ Ես կարդացի։ նամակի մեջ մեկն ինձ խոստովանում էր յուր «սերը»։ Դու, երևի, գիտես, թե ինչպես են գրվում այդ հիմար նամակները, հարկ չկա ուրեմն նրա մասին խոսելու։ Օրիորդի հետ ես նոր էի ծանոթացել, նա վատ չէր, բայց սիրե՞լ — է՛հ, բան չունի՛ս։ Նամակը սկզբում ուզեցի այրել, բայց հետո մտածելով, դրեցի մի կողմ։ Ես թեև խիստ բարկացա, բայց խոստովանում եմ, Գևորգ, որ միևնույն ժամանակ ինչ-որ հաճույք էլ զգացի։ Այսուամենայնիվ, ես