Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասի, թե հա՛, ինքն էլ այս ինչ լուրջ գրքերի հետ ծանոթ է։

Մարդս, շատ ժամանակ, Գևորգ, իր սեփական պակասություններն անգիտակցաբար ուրիշների մեջ է գտնում։ Վերջերում ես իմացա, թե Եվգենյան սուտ է ասում, թե Լիզան, բացի ռոմաններից, ուրիշ լուրջ հեղինակություններ ևս կարդացել է։ Իր քրոջ նկատողության` նա ոչինչ չպատասխանեց։ Ճաշից հետո մենք անցանք դահլիճ` քիչ զվարճանալու։ Մարտին Բուղդանիշն առաջարկեց Եվգենյային մի բան նվագել: Օրիորդը հրաժարվեց, պատճառ բերելով, թե գլուխը ցավում է (կանանց գլխացավին, Գևորգ, շատ էլ հավատ չընծայես)։ Հայրն առաջարկեց մեծ աղջկան, և Լիզան, առանց հակառակելու, նստեց դաշնամուրի մոտ։ Ես այդ ժամանակ, և հենց հիմա էլ, երաժշտություն չգիտեի, բայց լսել —շատ էի սիրում։ Երբ Լիզան, իր երկայն ու նուրբ մատներով մի քանի անգամ զարնելով դաշնամուրի կլավիշներին, անցավ առաջին ակորդը — դահլիճի մեջ տարածվեցին մեղմ և քաղցր հնչյուններ։ Դա Շոպենի այն մելամաղձոտ հյուսվածքներից մեկն էր, որոնք շարժում են մարդկային սրտի հիվանդ թելերը: Դահլիճի լուսամուտները բաց էին։ Ամառային մանիշակագույն երկնքի երեսում այս ու այն կողմ սահում էին թեթևաշարժ ամպերը։ Ես, դաշնամուրի քաղցր ձայնով հափրշտակված, նայում էի երկնքին։ Ինձ թվում էր, թե այդ հնչյուններն արձակում են հեռու բարձրությունում լողացող սպիտակ ամպերը, և ես հոգով ձգտում էի դեպի վեր, բայց չէի կարողանում հասնել։ Չգիտեմ որքան ժամանակ մնացի այդ կախարդված դրության մեջ, միայն, երբ աչքերս դարձրի դեպի դահլիճ — Լիզան արդեն չկար։ Մարտին Բուղդանիչը ճերմակ բեղերի տակից դուրս էր թողնում ծխախոտի կապույտ ծուխը։ Եվգենյան, նրա մոտ նստած, նայում էր երեսիս։

— Ո՞ւր գնաց Ելիզավետա Մարտինովնան,— հարցրի ես, մի փոքր շփոթվելով Եվգենյայի սուր հայացքից։

— Դուրս եկավ,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը, երեսիս նայելով։

Եվգենյան գնաց դուրս և, մի քանի վայրկյանից հետո վերադառնալով, հայտնեց, թե Լիզայի գլուխը ցավում է։ Այս ասելով, Եվգենյան իր սուր և խորամանկ հայացքը ձգեց ինձ