Ինչ վերաբերում է Լիզային — դու պիտի հասկացած լինես, Գևորգ, որ նա հենց առաջին օրից էր նկատել իմ զգացումները։ Այդ կողմից և միայն այդ կողմից կինն ունի դիտողություն, և զարմանալի ճիշտ դիտողություն։ Նա շատ անգամ հենց առաջին հայացքից կարող է նկատել, թե ինչ է զգում տղամարդը դեպի ինքը։ Երբ մարդու ուղեղը, ուշ ու միտքը կենտրոնացած են լինում մի բանի վրա, մանավանդ, երբ նա այդ բանումն է տեսնում իր գոյաթյան խնդիրը, ոչ մի հոգեբան չի կարող այստեղ նրա հետ հավասարվել: Դա իմ խորին համոզմունքս է, և հավաստի եմ, որ չեմ սխալվում։ Դու ժպտում ես, Գևորգ, դու ծիծաղում ես, որ ես այդպես շուտ եզրակացություններ եմ անում, բայց համբերիր, և ինքդ սեփական փորձերով կգաս նույն եզրակացության։ Ինչևիցե: Որտեղ մնացի՞, հա՛, ես գիտեի, որ Լիզան գուշակում է իմ զգացումները: Բայց ինչ է զգում ինքը, Լիզան դեպի ինձ — դա ինձ համար աոաջին ամիսը թեև պարզ էր, այնուամենայնիվ, ես չէի համարձակվում հավատալ, թե հիրավի նա անտարբեր չէ դեպի ինձ։ Ես կասկածում էի. մի՞գուցե ինձ պարեցնում է, մի՞գուցե կամենում է հաղթել ինձ, դուրս մղել ինձանից խոստովանություն և հետո, մերժելով, զվարճանալ իր կանացի հերոսական հաղթությունով։ Բայց այն ժամանակ ես դեռ հավատ ունեի դեպի կնոջ անկեղծությունը։
— Իսկ ա՞յժմ,— ընդհատեց հանկարծ Գևորգը։
— Մեռել է և երբեք հարություն չի առնիլ,— պատախանեց Արզաս Պետրովիչը։— Այսպես, Գևորգ, ես հավատում էի կնոջ անկեղծությանը և հավաստի էի, որ Լիզան թեթևամիտ կոկետուհիներից չէ, որ ուզենա ինձ խաղալիք դարձնել իր ձեռքում։ Ինչպես ասացի, մի ամիս էր արդեն, որ ես այցելում էի Բադամովներին։ Այդ մի ամսվա ընթացքում ես բավական մոտիկ ծանոթացա այդ ընտանիքի պատմությանը։ Ահա նա՛։— Մարտին Բուղդանիչի հայրը թողել էր ժառանգություն մի տուն և մի թեթև զուտ գումար։ Ապրելով բավական համեստ, Մարտին Բուղդանիչն այդ գումարի վրա տարեցտարի ավելացրել էր և յուր ռոճիկի մի մասը։ Քսանուհինգ տարվա ընթացքում, թեթև գումարը, շահվելով, դարձել էր մի պատկառելի թվանշան։ Թե ինչպես էր աշխատել նրա հայրն