այս անգամ ինձ վրա տխուր տպավորություն գործեց։ Ես նայում էի Լիզայի արագաշարժ մատներին, որոնք թեթևությամբ բարձրանալով վեր և կրկին իջնելով, դուրս էին մղում դաշնամուրից քնքուշ հնչյուներ: Ես զգում էի, թե Լիզայի մատները իմ սրտին են դիպչում, և այդ հնչյուններն արձակում է իմ սիրտը։ Չէ՛, Գևորգ, աննկարագրելի են այդ րոպեները։ Ես մտիկ էի անում Լիզայի մատներին, մտիկ էի անում նրա կռներին, իրանին, գլխին, պարանոցին, ուսերի վրա թափված շագանակագույն մազերին, և դրանք ինձ մագնիսի զորությամբ մղում էին դեպի այդ էակը։ Ոչ մի բան նույն րոպեներում ինձ համար գոյություն չուներ, ոչ մի բան — բացի Լիզայից։ Նույնիսկ դաշնամուրի ձայնն ես Լիզայի մեջ էի տեսնում մարմնացած, և ես վայրկյան առ վայրկյան հաղթվում էի Լիզայի առջև։ Վերջապես, նա դադարեցրեց և, դաշնամուրի կափարիչը հետ ձգելով հարցրեց ինձ, արդյոք հավանեցի նրա խաղը։ Գուցե Լիզան լավ չէր ածում դաշնամուրի վրա, միայն ես հիացած էի և նույն րոպեին չկարողացա գտնել խոսքեր, որոնցով արտահայտի իմ հիացումը։ Նա նայեց իմ դեմքին և իսկույն հասկացավ, թև որքան ազդել է յուր խաղն ինձ վրա։
Երկու ժամի չափ մնացի Բադամովի տանն և շատ ուրախացա, որ Մարտին Բուղդանիչն ինձ այս անգամ ազատ թողեց քաղաքական հարցերից։ Զարմանալի բան. մի քանի օր առաջ ինքս գուցե մեծ բավականությամբ պատրաստ էի վիճել նրա հետ այդ հարցերի վերաբերմամբ։ Իսկ նույն օրը, եթե նա սկսեր վիճել, համոզված եմ, որ առանց այլևայլի կհամաձայնվի նրա մտքերի հետ, միայն թև նա դադարեր լուրջ վիճաբանություն անելուց։ Այս անգամ վերադարձա տուն բոլորովին հաղթված։
Անցավ մի ամիս։ Ես ստեպ-ստեպ այցելում էի Բագամովննրին։ Ես գնում էի երեք օրը մի անգամ և, եթե չամաչեի, Գևորգ, կգնայի ամեն օր։ Բնական է, որ այդպիսի հաճախ այցելության պատճառը վաղ թե ուշ պիտի հայտնվեր Մարտին Բուղդանիչին, և հայտնվեց էլ։ Բայց նրանից առաջ իմացավ Եվգենյան։ Այդ խորամանկ օձն իր սուր հայացքներով և հեգնական ժպիտներով կատարելապես հալածում էր էնձ։