Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սաստիկ զբաղված էի գործերով,— սուտ ասացի ես:

— Իսկ մենք կարծում էինք, որ հիվանդացել եք։

— Մի՞թե,

— ՔաՆի անգամ ծառային ուղարկել ենք, բայց ձեր բնակարանը չի գտել։

— Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։

— Հայրս է ձեր մասին շատ հարցնում,— շտապեց ավելացնել Լիզան։

— Շնորհակալ եմ, ի՞նչպես է Մարտին Բուղդանիչը։

— Լավ է։ Երեկ այգումը երկու ժամու չափ ես և Ժենյան պտրեցինք ձեզ և ոչ մի տեղ չտեսանք։

Այս անգամ չկարողացա ինչպես հայտնեմ իմ շնորհակալությունը։ Մի քանի անգամ «շնորհակալ եմ» բառը իրարու հետևից կրկնելը, ինձ անհամ էր թվում։

— Դո՞ւք ինչպես եք,— վերջապես, հարցրի ես, հանկարծ մտաբերելով իմ սխալը։

— Շատ տխուր, մի շաբաթ է չգիտեմ ինչ է պատահել ինձ, գիշերները չեմ կարողանում քնել։

Այս ասելով, Լիզան գլուխը թեքեց կրծքին և մատներով սկսեց ուղղել հանդերձի փեշերը։ Նայեցի վերևից ցած նրա երեսին և նկատեցի ոչ թե անքնություն, այլ մի ինչ-որ ծանր մտածողությունից առաջացած փոփոխություն։ Ոչ նրա աչքերի կոպերն էին ուռած և ոչ էլ նրանց սպիտակուցն էր դեղնած։ Անքնության այս հետքերը չկային Լիզայի դեմքի վրա, կար միայն մի թեթև դեղնություն: «Հը՛մ, իմ բացակայությունը իզուր չի՛ անցել»,— մտածեցի ես, ուրախանալով։

— Գուցե հիվա՞նդ եք, թույլ տվեք շոշափել ձեր երակը,— ասացի ես:

Լիզան զգուշությամբ մեկնեց ինձ յուր բազուկը։ Ես անհապաղ ոչ թե բռնեցի, այլ խելագարի պես ճանկեցի այդ բազուկը։ Մի վայրկյանում նա դողաց իմ ձեռի ափում, և Լիզան դուրս խլեց նրան արագությամբ։

— Թողեք, ես առողջ եմ,— ասաց նա կարմրելով և երեսը ինձանից շուռ տալով։

Ես զգացի մի ինչ-որ ցնցում, ամբողջ մարմնովս անցավ հաճելի դողոց։ Ես շփոթվեցի և կամենում էի բերանս բանալ