Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեմ ինչ ասելու։ Բայց այդ վայրկյանին ներս մտավ Մարտին Բուղդանիչը։ Լիզան շփոթվեր և վեր կացավ տեղից։

— Օօ՛օ, Առզաս Պետռովիշ, Առզա Պետռովիչ,— դիմեց ինձ Մարտին Բուղդանիչը, չգիտեմ ինչու, այս անգամ անունս սովորականից ավելի կոշտ արտասանելով։ Նա մոտեցավ և ձեռքս սեղմեց։

— Բարով, բարով, քանի՞ ամառ է, քանի՞ ձմեռ է, որ մեզ մոռացել եք,— շարունակեց նա, անխնա քերելով յուր կոկորդը сколько բառը ասելիս, որ չորս անգամ դուրս բերի к տառը։

Մենք գնացինք ներս։ Ներկայացավ և զուգված, զարդարված Եվգենյան՝ անփոփոխ հեգնական ժպիտը յուր խորամանկ երեսին։ Մենք սկսեցինք խոսել Մարտին Բուղդանիչի սիրեցյալ քաղաքական հարցերի մասին։ Բայց, զարմանալի բան, որքան աշխատում էի, այս անգամ ծերունին բանը չէր երկարացնում։ Իսկ Եվգենյան երեսիս անգամ չէր նայում։ Լիզան աչքերի տակով նայում էր ինձ ու ժպտում, երբեմն էլ ծածուկ ծիծաղում։ Երբ նա ժպտում էր, ես ևս ժպտում էի, իսկ երբ ծիծաղում էր, չէի համարձակվում ծիծաղել։ Նա մերթ ընդ մերթ նայում էր յուր քրոջ և հոր երեսին և հետո ինձ վրա ձգում թափանցող հայացքներ։ Պարզ էր, որ նա կամենում էր իմանալ, ինչ տպավորություն է անում ինձ վրա հոր և քրոջ այն օրվա սառնությունը և միևնույն ժամանակ, կարծես, նրանց փոխարեն ամաչում էր ինքը։ Տեսնելով, որ բանս մի քիչ լավ չէ, ես շտապեցի դուրս գնալ։ Եվ դուրս եկա թեթևացած։ Լիզայի սերը այս անգամ ինձ համար անկասկածելի էր։ Փա՛հ, ի՛նչ շուտ է չորանում կոկորդս։

Արզա Պետրովիչը գարեջրից մի փոքր կում արեց։

— Այսպես, Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով,— ինձ համար մասամբ պարզվեց Լիզան։ Մնում էր միայն մի բան, դա էլ շուտով կատարվեց։ Մյուս օրն երեկոյան ես գնացի կլուբ։ Ընտանեկան երեկո էր։ Ես ի բնե չէի սիրում պարել, այս պատճառով, մի անկյուն քաշված, ականջ էի դնում երաժշտության: Հանկարծ հետ նայեցի և տեսնեմ Լիզան, հովհարը ձեռին, կանգնած։