Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր, իսկ իմ շրթունքները ցուրտ կտրածի պես կպչում էին ատամներիս։ Գրազ կգամ, որ նույն ժամին իմ դեմքը շատ հիմար պիտի լիներ։ Անցել էր մի ժամու չափ, մենք ուրախությամբ այդ դրության մեջ կմնայինք, մինչև լույս։ Բայց այդ չէր կարելի, և Լիզան առաջինը հիշեցրեց, թե հարկավոր է գնալ, եթե ոչ՝ հայրը կկասկածի։ Ես հարցրի, ե՞րբ կարող ենք տեսնվել: Պատասխան ստացա, թե կարող եմ ամեն օր այցելել իրանց տունը։

— Միայն առավոտները, ժամը տասնումեկից հետո,— ասաց Լիզան,— այդ ժամանակ հայրս կլուբ լրագիրներ կարդալու է գնում մինչև երկու ժամ։

— Իսկ Եվգենյա Մարտինովնա՞ն,— հարցրի ես։

— Հեշտ է, նրա գաղտնիքն էլ իմ ձեռքում է,— պատասխանեց Լիզան, ծիծաղելով, և մենք բաժանվեցինք։

Արդարև, Եվգենյան մի հիմար ռոման ուներ մի ինչ-որ լպստված ֆրանտի հետ, որին ես մինչև այդ ժամանակ մի անգամ տեսել էի Բադամովի տանը։

Հետևյալ օրը, նշանակյալ ժամին, ես Լիզայի մոտն էի։ Մարտին Բուղդանիչը իսկապես տանը չէր։ Եվգենյան տանն էր, ինչպես հետո Լիզան ասաց, բայց իմ ներկայությամբ չերևաց։ Լիզան նստած էր դահլիճում, մի հայերեն գիրք ձեռքում բռնած։ Երբ ես ներս մտա, նա շփոթված, գիրքը մի կողմ ձգեց։

— Մի՞թե հայերեն գիտես,— եղավ իմ առաջին հարցը։

— Շատ քիչ, բայց ուզում եմ սովորել։

— Չէի սպասում։

Մենք նայեցինք իրարու և հասկացանք միմյանց միտքը: Կես րոպեի չափ մենք լռեցինք։

— Արշակ,— ընդհատեց նա լռությունը, առաջին անգամ արտասանելով իմ հայերեն անունը։

Եվ այդ Արշակ բառը նա արտասանեց այնպիսի լուրջ եղանակով, որ ես մի քիչ վախեցա։

— Արշակ,— շարունակեց նա,— ես կարծում եմ, որ այսուհետև կարող ենք դեն ձգել մեր դիմակները և խոսել պարզ ու անկեղծ։