— Հայրս ընթերցարանում կարդում է, Ժենյան էլ պարում է, ես մենակ եմ,— ասաց նա։
Հայտնի բան է, ես իսկույն ուրախությամբ ընկերացա Լիզային։ Երաժշտական խումբը նվագում էր։ Լիզայի առաջարկությամբ մենք գնացինք այգի զբոսնելու։ Այստեղ ոչ ոք չկար. ամենքը ռոտոնդայում ժողովված, մտիկ էին անում պարողներին։ Խաղաղ և զով երեկո էր։ Մի քանի շրջաններ անելուց հետո, չգիտեմ ինչպես, հանկարծ ինձ Լիզայի հետ տեսա մի մութ ծառուղիում, ուր ոչ ոք չէր երևում։ Մենք նստեցինք կանաչ նստարաններից մեկի վրա, իրարու քով։ Նա լուռ էր, ես էլ լուռ էի։ Նա ասում էր, թե երաժշտություն է լսում ես հավատացնում էի, թե հափշտակված եմ գեղեցիկ երկնքով։ (Ո՛վ գիտե, այն րոպեին գուցե երկինքը իսկի գեղեցիկ էլ չէր)։ Երկուսս էլ իրարու խաբում էինք, և երկուսս էլ գիտեինք, որ սուտ ենք ասում։ Իմ միտքը զբաղված էր նրանով, նրա միտքը զբաղված էր ինձանով։ Ուրիշ ոչինչ. ո՛չ երաժշտություն և ոչ էլ երկինք։ Ավելի հարմար ժամանակ չէի կարող գտնել իմ սիրտը պարզելու համար (թեև տեղը այնքան էլ հարմար չէր)։ Ես շտապեցի օգտվել դեպքից։ Եվ գիտես ինչպես, ոչ խոսակցություն, ո՛չ բանաստեղծական հարմարաբանություն, ոչինչ։ Ահա ինչպես։— Լիզայի ձեռքում կար մի վարդ։ Ես խնդրեցի այգ վարդը նրանից։ Նա առաջարկեց ինձ և կրկին հետ քաշեց իր ձեռը։ Ես բռնեցի նրա ձեռից, որ ուժով խլեմ վարդը։ Նա ընդդիմացավ, բայց վար մոտեցրեց քթիս, որ ես հոտ առնեմ։ Ես բռնեցի նրա բազկից և, մի տաք համբույր կպցրի նրա մատներին։ Նա ձեռը արագությամբ հետ խլեց։ Ես աջ ձեռքով գրկելով նրա մեջքը, այս անգամ համբուրեցի երեսը։ «Ի՛նչ եք անում, խելագարվել եք, ինչ է,— ասաց նա, իբրև թե աշխատելով ձեռքիցս դուրս պրծնել, մինչդեռ ինքը մոտենում էր ինձ։ Ես ուզեցի խոսքերով արտահայտել իմ զգացումը։ Լիզան ձեռը դրեց բերանիս, որ լռեմ։ «Սո՛ւս,— ասաց նա,— գիտեմ ինչ ես ուզում ասել, գուցե ռոմանների մեջ հազար անգամ գրված միատեսակ բառեր»: Ես լռեցի և սկսեցի իրարու հետևից համբյուրներ դրոշմել նրա ձեռներին, թշերին, վզին, գլխին և մինչև անգամ հագուստին։ Այս բոլորը կա տարվում էր լուռ։ Նա քիչ դողում