Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամանավանդ այն օրից, երբ ես տեսա նրա հավանած փեսացվին։ Դա մի լպստած ֆրանտ տղա էր, փոքրիկ շամամաձև գյխով, որից միշտ Violet do parme-ի հոտ էր գալիս։ Ի՞նչ գործի էր այդ տղան, և ով էր— ես չգիտեի և չէի էլ հետաքրքրվում, բայց հագստից-բանից երևում էր, որ հարուստ մարդու որդի էր։ Կարճահասակ, աչքերր նեղ և երկայնաձև, ճակատը տափակ, երեսը սափրած ու ականջների առջև մի-մի մատաչափ մազեր թողած, յուղած սև մազերը նեղ ճակատի վրա երկու կտոր ոլորած և գլխի կաշիին կպցրած — ահա նրա կերպարանքը։ Մի բան, որ ինձ ամենից ավելի էր վրդովեցնում, այն նրա նեղ պատրիպատրի վարտիքն էր։ Ամեն անգամ, երբ նստում էր բազկաթոռի վրա, ես ակամա նայում էի նրա ծնկներին, սպասելով որ ահա վարտիքը կպատռվի։ Խոսակցության ժամանակ, նա սովորություն ուներ ձեռներով զանազան բեմական շարժումներ անել, կրծքին խփել և ստեպ-ստեպ մազերն ուղղել և այլն։ Մի խոսքով, ես այդ տղին չէի սիրում։ Նա էլ ինձ չէր սիրում։ Բայց ուրախ էի, որ Եվգենյան զբաղված լինելով այդ զարդարուն խաղալիքովդ չէր խանգարում մեզ, և ես ամեն օր կարողանում էի Լիզայի հետ առանձնանալ դահլիճում և երկար խոսել։ Օրեցօր իմ սերը տաքանում էր դեպի Լիզան, և ես ավելի ու ավելի սերտ կապով էի կապվում նրա հետ։ Է՛հ, երեխայություն, երեխայություն։ Մի ծխախոտ տուր, Գևորգ, իմս վերջացել է։

Քանի մի վայրկյան լուռ ծխելուց հետո, Արզաս Պետրովիչը շարունակեց։

— Առաջ ես, Գևորգ, այնքան էլ չէի սիրում խոսել և ավելի լուռ, մռայլ մարդ էի, քան թե զվարճախոս և ուրախ։ Բայց Լիզայի հետ բացատրվելուց հետո դառել էի շատախոս կաչաղակ։ Չկարծես, ամենքի հետ։ Ո՛չ, միայն և միայն Լիզայի հետ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իմ սիրեցյալն ինձ պատվիրել էր պարզել իմ մտքերը, այլ հենց ինքս զգում էի մի տեսակ ներքին պահանջ։ Ես անհնարին էի համարում Լիզայից թաքցնել մինչև անգամ մի աննշան կետ իմ իմացածիցս։ Այս պատճառով, ոգևորված, ժամերով խոսում էի և չէի հոգնում։ Այսպես թե այնպես, մի ամսվա ընթացքում Լիզան բոլորովին ծանոթացավ ինձ հետ: Այլևս չունեի գաղտնիք, որ