Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեցի ատել ամեն ինչ, նույնիսկ ինքս ինձ, բացի Լիզայից։ Եվ ատում էի մինչև անգամ անմեղ բնությունն և նրա գեղեցկությունը։ Լուսին երեկոներին ես, հակառակ իմ սովորության, չէի դուրս գալիս փողոց։ Առաջ, այդ երեկոները ինձ վրա թեև ծանր, բայց ախորժելի տպավորություն էին անում, իսկ այժմ աննկարագրելի դառն ազդեցություն էին գործում։ Այդպիսի երեկոներին ես փաղչում էի տուն, փակվում սենյակում, որ չտեսնեմ լուսնի երեսը։

Այսպես անցավ, Գևորգ, մոտ մինչև երեք շաբաթ,— շարունակեց Արզաս Պետրովիչը, հառաչելով։— Ես շարունակում էի տեսնվել Լիզայի հետ, բայց միշտ նրա դեմքին նկատում էի նույն կասկածավոր ժպիտը, միշտ նա իմ հարցերին տալիս էր անորոշ պատասխաններ կամ ամենևին չէր տալիս։ Վերջապես մի օր... Բայց թույլ տուր, Գևորգ, մի քիչ հանգստանալ։

Անցան մի քանի րոպեներ, Արզաս Պետրովիչը հանգցրեց ծխախոտը և շարունակեց.

— Մի օր, իրիկնադեմին, ես գնացի Բադամովների տուն։ Այդ այցելությունը պատկանում էր Մարտին Բուղդանիչին։ Քանի ժամանակ էր նրա երեսը չէի տեսել։ Ես ծառային հրամայեցի հայտնել իմ մասին, և քանի մի վայրկյանից հետո, նա վերադառնալով, մի հեգնական ժպիտ երեսին (գուցե ինձ այնպես թվաց) հրավիրեց ինձ դահլիճ։ Մարտին Բուղդանիչը, մեջքը բազկաթոռին տված, ծխում էր իր երկայն չիբուխը։ Նրա աջ կողքին նստած էր Եվգենյան իր լպստածի հետ, որ մի ինչ-որ գիրք էր թերթում ձեռքում։ Լիզան նստած դաշնամուրի դեմ, շտապով դեսուդեն էր թերթում նոտաների տետրը։ Մարտին Բուղդանիչի դեմուդեմ նստած էր մի ինձ համար անծանոթ հյուր։ Երբ ես ներս մտա, Մարտին Բուղդանիչը բարձրացավ տեղից՝ ինձ բարևելու։ Լիզան կես պաշտոնական քաղաքավարությամբ մոտեցավ և հարցրեց շտապով. «Ինչպե՞ս եք», Ես ամենին ձեռ տվեցի, Երբ հերթը հասավ Եվգենյային, նա ինձ վրա ձգեց առաջվանից ավելի հեգնական և, կարող եմ ասել, անպատկառ մի հայացք: Իսկ նրա Ֆրանտը յուր հիմար լնդերքը բաց արավ և նեղ ճակատի տակից նեղ աչքերն ինձ վրա հառեց։

— Սերգեյ Միխայլովիչ, ներկայացնում եմ ձեզ բարեկամիս,