Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտություն է և շատ օգտավետ գիտություն...

Այս վերջին խոսքերն ավելացրի տաքացած և ձայնս բարձրացնելով։ Ինչպես տեսնում ես, Գևորգ, անտեղի էին այդ խոսքերը, բայց ես չհամբերեցի և, զգալով, որ Սեթյանը ծաղրում է իմ մասնագիտությունն, ուզեցի ինձ պաշտպանել։

— Այն ինչ գիտություն է, որ որոշ եզրակացություններ չգիտե անել,— մեջ մտավ Լիզան, մի սպանող հայացք ձգելով ինձ վրա, որն իսկույն մեղմացնելով, դարձրեց դեպի Սեթյանը։

Արյունս գլխովս տվեց։

— Բժշկականությունը ես չեմ սիրում,— ավելացրեց լպստած ֆրանտն, իր կարմիր լնդերքը ցույց տալով ինձ։

— Շատ շահասեր մարդիկ են բժիշկները, նամանավանդ հայ բժիշկները,— ներս պրծավ ատելի Եվգենյան, յուր արհամարհական հայացքը ձգելով ինձ վրա։

Գուցե, եթե զսպեի ինձ, կարողանայի տանել այդ ինկվիզիցիան, բայց, ես, Գևորգ, չզսպեցի, և ոչ թե այդ կոպիտ նկատողությունների պատճառով։— Ո՛չ, ես կարող էի Եվգենյայի և ֆրանտի նման իդիոտների կարծիքն արհամարհել, բայց չկարողացա մարսել Լիզայի նկատողությունը։ Ամենից առավել ես նրա դեմ վրդովվեցի։

— Զարմանում եմ,— ասացի ես, բարկությունիցս կարմրելով և շրթունքներս կրծոտելով,— զարմանում եմ, ինչպես են համարձակվում մարդիկ դատողություն անել այնպիսի բաների վրա, որոնց մասին գրոշի հասկացողություն չունին։

Լիզան ժպտաց։ Սեթյանն աչքի տակով սառնությամբ նայեց երեսիս։ Եվգենյան քըռքըռ անամոթ սկսեց ծիծաղել։ Լպստած ֆրանտը հետևեց նրան։ Մարտին Բուղդանիչը դարձավ ինձ և ասաց մեղմությամբ․

— Արզաս Պետրովիչ, ներեցե՛ք, ես կարծում եմ, որ, Եվգենյան և Իվան Տարասիչը (լպստածի անունն այսպես էր) ձեզ վիրավորելու նպատակով չասացին այդ։

Ավելի հիմար դրություն չէր կարող լինել։ Խելոք մարդն իմ տեղն իսկույն գդակը կվերցներ և դուրս կգար։ Այնինչ ես կես ժամու չափ ևս նստեցի, որպեսզի մի կերպ կարողանամ վրեժս հանել ինձ վիրավորողներից։ Բայց այլևս ոչ ոք