չխոսեց։ Մարտին Բուղդանիչն, այդ անախորժ դեպքի տպավորությունը ջնջելու նպատակով, խնդրեց Լիզային դաշնամուր նվագել։ Այս անգամ Եվգենյան կտրեց քրոջ առաջը, որ ինքը խաղա։ Ես մի փոքր լսեցի և հետո գլխարկս վերցրի ու ջախջախված սրտով դուրս եկա, չնայելով Մարտին Բուղդանիչի հրավերին՝ թեյի սպասելու։
Թե ինչպես անցկացրի մնացյալ օրն ու գիշերը, ես չեմ պատմիլ քեզ, Գևորգ։ Հետևյալ առավոտ վճռեցի գնալ և Լիզայից բացատրություն պահանջել։ Սովորական ժամանակն էր, երբ ես մտա նրա մոտ։ Բարեբախտաբար, նա մենակ էր։ Մարտին Բուղդանիչը կլուբում լրագրեր էր կարդում, իսկ Եվգենյան իր լպստածի հետ չգիտեմ ինչ տեղ էր կորեր Լիզան ընդունեց ինձ սառնությամբ և, հազիվ իր մատների ծայրերը շփելով ձեռիս, հրավիրեց նստել: Ես վճռեցի իսկույն ևեթ սկսել։
— Լիզա, ես եկել եմ քեզանից բացատրություն խնդրելու,— ասացի ես։
— Ասա՛։
— Ի՞նչ էր նշանակում երեկվա քո վարմունքը։
— Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։
— Մի՛ թաքցնիլ, Լիզա, ուղիղն ասա, ինձ սիրո՞ւմ ես։
Լիզան լռեց։
— Չե՞ս սիրում, նրա՞ն ես սիրում։
Լիզայի դեմքը շառագունեց։ Ես այնքան հուզված էի, որ Սեթյանի անունը չէի կարող հիշել։
— Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես նրան,— հարցրի ես, բռնելով նրա թևը։
— Ո՞ւմ համար ես ասում,— հարցրեց, վերջապես, Լիզան, թևը վրդովված խլելով ինձանից:
— Սեթյանի,— պատասխանեցի, հազիվհազ կարողանալով արտասանել այդ չարագուշակ անունը։
— Չգիտեմ ինչ հիման վրա ես դու այդպես կարծում։
— Հիմնվելով երեկվա քո վարմունքի վրա։
— Օրինա՞կ։
— Դու ամբողջ ժամանակ նայում էիր նրա երեսին։
— Մի՞թե արգելված է մարդուն՝ նայել մարդու երեսին։