— Բայց ինչո՞ւ ինձ վրա չէիր նայում։
— Հա՛ հա՛ հա՛,— ծիծաղեց Լիզան։
Ես ավելի վրդովվեցի։
— Դու ծիծաղո՞ւմ ես ինձ վրա, Լիզա, դու ծաղրո՞ւմ ես ինձ,— ասացի ես, կրկին բռնելով նրա թևը։
— Կան հարցեր, որոնց պատասխանը միայն ծիծաղն է,— պատասխանեց նա, կրկին թևր խլելով ձեռիցս։
— Ուրեմն իմ հարցը շա՞տ հիմար հարց է քո կարծիքով։
— Չգիտեմ, ինքդ դատիր։
Մի քանի վայրկյան ես լռեցի։ Չգիտեի ինչ ասել։
— Լիզա, պարզի՛ր ինձ քո միտքը,— խոսեցի ես վերջապես։
— Ի՞նչ ես ուզում։
— Ինձ սիրո՞ւմ ես։
Լիզան գլուխը թեքեց կրծքին, մի քանի վայրկյան մտածեց և հանկարծ, կրկին բարձրացնելով, վճռողական եղանակով ասաց.
— Չեմ սիրում։
— Պատճա՞ռը։
— Պատճառը... չգիտեմ,— պատասխանեց Լիզան...
— Բայց ես քեզանից բացատրություն եմ պահանջում։
— Ես ասացի քեզ, որ չեմ սիրում։
— Պատճառն եմ հարցնում։
— Լսի՛ր... Լսեցե՛ք։ Ես քո, ներողություն․․․ ես ձեր մեջ այլևս չեմ տեսնում այն ուժը, որ ինձ հափշտակեց, ինձ, որ մինչև քսանուվեց տարեկան հասակս ոչ ոքով չէի հափշտակվել։
— Ինչո՞ւ, մի՞թե ես փոխվել եմ։
— Չգիտեմ, գուցե դուք միևնույնն եք, բայց այն օրից, երբ ես ձեզ բոլորովին ճանաչեցի, դուք իմ աչքում հավասարվեցիք հասարակ մարդկանց հետ։
— Մի՞թե դու կարծում էիր, որ ես հասարակ մահկանացու չեմ։
— Այնքան էլ թեթևամիտ չեմ, որ ձեզ անմահի տեղ ընդունեի։ Բայց ես ձեր մեջ չեմ տեսնում այն զորությունը, որ