Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղցած գայլի պես, քթի տակ խուլ մռնչալով, ամայի փողոցում շրջում էր ետ ու առաջ։

Մութը թանձրանում էր, կապտագույն երկնքում փայլում էին պայծառ աստղերը, տիրում էր թախծայի լռություն, բազարը խաղաղվել էր։

Հեռվից լսվեց քայլերի ձայն, փողոցի անկյունում երևաց մի մթին պատկեր։ Ասադը շարունակ անցուդարձ էր անում:

Պատկերը փողոցի մեջտեղով դանդաղությամբ շարժվում էր առաջ։ Ասադը չէր լսում նրա ոտների ձայնը։ Պատկերը բոլորովին մոտեցավ։ Նույն վայրկյանին, երբ Ասադը ետ դարձավ, նրա ծխախոտի կրակի աղոտ ճառագայթը լուսավորեց... միջահասակ, գեր մարմնով, կարճ և հինացած միրուքով մի մարդու։ Մարդը, Ասադին ճանաչելով, զայրացավ և տեղն ու տեղը մնաց բևեռված։

Ո՞վ էր նա...

II

Յոթն անգամ լուսինը շրջան էր գործել այն օրից, երբ Ասադի աչքը կպավ իմամլուցի մոլլա Ղանիի աղջկան, Ֆաթմային։ Առաջին անգամ նա տեսել էր նրան Սարի-Թորփաղ թաղում։ Ֆաթման հյուր էր իր Բադի անունով քրոջ մոտ, որ սարի-թորփաղցի Խալիլ աղայի կինն էր։

Նույն պահին, երբ Ֆաթման իր քրոջ տան բակում առանց շալի նստած էր, Ասադն իրանց տան կտրում աղավնի էր թռցնում։ Նա տեսավ Ֆաթմային, և իսկույն նրա սիրտը կրակ ընկավ։

Եվ ո՞ր պարսիկը անտարբեր կմնար, եթե մի վայրկյան տեսներ Ֆաթմային — նրա սաթի պես սև աչքերը, կամարակապ ունքերը, ճակատի կոլորիկ խաղը, երկայն թերթերունքները, կարմիր թշերը, սպիտակ, լիք-լիք կոկորդը, մանավանդ բարակ ղանաուզ շապկի տակ թաքնված այն երկու նռները, որ շախ-շախ դողդողում էին, երբ Ֆաթման սիգաճեմ քայլում էր։

Այդ օրից սկսած Ասադը գիշեր ու ցերեկ տանջում էր իր