Ձեռներր չուխայի տակ մեջքին դրածք նա երկար ժամանակ մտիկ էր անում դեմուդեմ, դեպի մի փոքրիկ նորաշեն տան մուգ-մոխրագույն դռները։ Նրա մերթ ընդ մերթ հառաչելը, կրակոտ աչքերի արտասովոր փայլն և անհամբեր շարժումները ցույց էին տալիս, որ նա մեկին սպասում է։
Հանկարծ նրա տխրամած դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ։ Մուգ-մոխրագույն դռներից մեկը հանդարտ բացվեց, երևաց մի երիտասարդ կնոջ գլուխ, ծածկած մետաքսյա ճութխիով (գլխնոց) և ճակատը զարդարած տաճկական ոսկիների շարքով։
Ասադը թռավ առաջ, մոտեցավ նորաշեն տանը։
Մարդ շատ նուրբ լսելիք պիտի ունենար, որ կարողանար ըմբռնել երիտասարդ կնոջ շշնջյունը։ Այնքան թույլ էր նա, երկչոտ և կցկտուր:
Եվ Ասադի լսելիքն ուներ այդ նրբությունը, ուներ լոկ այդ վարդագույն շրթունքների համար, որ սփռում էին դեպի նա երկնային երջանկության բուրմունքը։ Նա կանգնած էր մուգ-մոխրագույն դռներից հինգ քայլաչափ հեռու, մեջքը տված պատին՝ պատահական անցորդի անհամեստ հայացքից աննկատելի մնալու համար։
Ի՞նչ էին շշնջում նրանք, գիտե միայն նա, որ քննում է մահկանացուների սիրտն և որի համար գաղտնիք չկա։ Իսկ մենք մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, եթե ասենք, թե շշնջյունը տևեց հինգ րոպեից ավելի։
Մուգ-մոխրագույն դռները կրկին փակվեցին, և տաճկական ոսկիներով զարդարված գլուխն անհայտացավ, տանելով իր հետ Ասադի խորին հառաչանքը։ Նա դարձյալ մնաց միայնակ։ Այժմ նրա դեմքն այլայլված է, աչքերն արյունի հոսանքից կարմրած, իսկ առնական լայն կուրծքը հորդոր շնչառությունից ուժգին բաբախում է։
— Ամենակարող աստված, տո՛ւր ինձ համբերություն,— արտասանեց նա ինքն իրեն։
Եվ այս խոսքերը չկարողացան թափանցել ամուր փակված դռներից ներս։
Նա դարձյալ սպասում էր, բայց, ավա՛ղ, մուգ-մոխրագույն դռները հետզհետե մթնանում էին և ոչ բացվում։ Նա,