Ասադը լուռ էր։ Եթե մի փոքր լույս լիներ, կարելի էր նկատել այն խորին արհամարհական հայացքը, որ նա ձգեց Հաջիի վրա։ Այնինչ Հաջին, ավելի ու ավելի մոտենալով, վերջապես, բոլորովին կտրեց նրա ճանապարհը։
— Սալեամ մեալիքըմ[1],— ասաց Ասադը, զսպելով իր հուզմունքը։
Առանց նրա ողջույնին «ալիքիմի սալեամ» պատասխանելու, Հաջին մի քանի քայլ հետ դրեց և խրոխտ ձայնով արտասանեց.
— Վկա է աստված, ես քեզ ճանապարհ չեմ տալ, մինչև չես երդվիլ այսուհետև ոտ չդնել այս փողոցները։
Ասադը հեգնորեն ծիծաղեց։
— Երդվի՛ր, քյա՜ֆր,— կրկնեց Հաջին,— այնուհետև ճանապարհը բաց է, և դու մի անառակ քած։
— Հաջի,— պատասխանեց Ասադը հանդարտ ձայնով,— Ասադն իր կյանքում արյուն չի թափել, չի էլ ուզում թափել։
— Արյո՜ւն,— գոչեց Հաջին կատաղած,— դու ի՛նչ մարդ ես, որ արյուն թափես։ Ի սեր աստծո, նայեցե՛ք,— շարունակեց նա, երեսը մի կողմ դարձնելով, չնայելով, որ փողոցում բացի երկու հակառակորդներից ոչ ոք չկար,— սարի-թորփաղցի մի լկտի երեխա հանդգնում է Հաջի-Ալեաքպարի ձեռքից աղջիկ խլել: էյ, ինքն ալլահն իմ ձեռքից մոլլա Ղանիի աղջըկան առնել չի կարող, իսկ քեզ պես... շները...
Ասադի արյունը գլխովը տվեց: Բայց նա տակավին ուժ ունեցավ զսպելու իր կատաղությունն և ասաց.
— Ֆաթման նրան կգնա, ում սիրում է։
— Հա, հա, հա, Ֆաթման սիրում է արծաթագործ Աստղին, հա, հա, հա...
— Աստծուն է հայտնի... բավական է, Հաջի, երկուսն արդեն ունիս բավական է, ագահությունը տուն է քանդում, Հաջի։
— Քառասուն կնիկ էլ ունենամ, էլի չեմ թողնիլ, որ Ֆաթմային քեզ նման լրբերը տանեն։
Ասադի համբերությունը հատավ: Այլևս նա անկարող էր տանել իր հակառակորդի անվայել հիշոցները։
- ↑ Մուսուլմանները բարևը: