Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետ մղվեցան և փախան, մտան հանդիսականների մեջ։ Անզոր անցավ և աղսախկալների (ծերունիների) խրատն ու սպառնալիքը։

Թռչնորս Ասկյարն իր գնդակի նման արձակած քարերով արդեն երկուսի կուռը թոզացրել էր և փայտը ձեռից գցել։

Խորոված ծախող Հեյբաթը կատաղի գոռում էր, փայտը զարկելով գետնին, չուխա-վահանը բարձրացնելով և վեր ու վար թռչկոտելով։

Հանկարծ Իմամլուն թնդաց, գդակ կարող Մեյթին, Շիբավի փափախը աչքերին քաշելով, կարկտի պես թափվող քարերի տակ վազեց առաջ։ Նրան հետևեցին Հեյբաթն ու Ֆաթմայի եղբայր Հաշիմը։ Հակառակ կողմից, ավելի կատաղի գոռալով, վազեց ընդառաջ գդակ կարող Մահմուդը, որ Մեյթիից ապտակ էր ստացել։

Փայտի կռիվը սկսվեց։

Օդի մեջ ֆռֆռում էր մի կարմիր աստառով չուխա: Ամենի հայացքները հառված էին նրա վրա, ամենի ուշադրության կենտրոնը նա էր։ Նա գոռում էր առյուծի պես, և նրա ձայնի դղրդոցը տարածվում էր հեռու ու հեռու։

Իմամլուն գրոհ տվեց, Սարի-Թորփաղը ետ մղվեց։ Ընկան մի քանի վիրավորվածներ։ Կանանց ճիչը սաստկացավ. մայրերը ողբում էին, հայրերը անիծում իրենց փուչ զավակներին։ Թիֆա՜ն էր։

Եվ այս բոլորն ինչո՞ւ։— Մի աղջկա համար։ Բայց ո՞ւր էր նա, ի՞նչ էր անում այդ սարսափելի րոպեին։

Ահմադ աղայի բաղնիսի կտրում հավաքված էին մի խումբ կանայք և, գմբեթների հետևում կուչ եկած, դիտում էին կռիվը։ Ամենից առաջ, կտուրի ծայրում, աներկյուղ, համարձակ կանգնած էր Ֆաթման, այո՛, ինքը Ֆաթման: Ախ, լավ է, որ մայրերը չգիտեին, թե նա է կռվի բուն պատճառը, եթե ոչ պատառ-պատառ կանեին նրան իրենց սիրեցյալ որդիների համար։ Աշխատում էին Ֆաթմային հետ քաշել, չէին կարողանում։ Եվ ո՞վ կարող էր, քանի-որ անհաղթելի գոյությամբ Նրա ուշք ու միտքը, հոգին ու միտքը բևեռված էին մի կետի վրա... կարմիր չուխան։

Ահա ամենը փախան, ասպարեզ բացվեց և մենմենակ