և սկսվեց մի թեթև կռիվ։ Իսկույն գդակ կարողների խանութները փակվեցին: Ծեծված, ջարդ ու փշուր եղած սարի-թորփաղցիները շտապեցին իրենց թաղը։ Ճանպարհին նրանք անցքը պատմեցին արծաթագործ Ասադին, որ կռվի սկզբնապատճառն էր:
Ասադը կռվելու տրամադրություն չուներ, բայց պարագլուխ էր, պարտավոր էր միջամտել յուր ընկերների վիրավորված պատիվը վերականգնելու համար։
Կայծակի արագությամբ ամբողջ բազարում լուր տարածվեց, թե քաղաքի Իմամլու և Սարի-Թորփաղ թաղերը ոտքի են կանգնել միմյանց դեմ, տեղի պիտի ունենա կատաղի կռիվ։ Ոչ միայն կռվող թաղերի բնակիչները, այլև շատերը մյուս թաղերից կողպեցին իրենց խանութները եթե ոչ կռվին, գոնե հանդեսին մասնակցելու համար։ Դա շամախեցիների հնավանդ սովորությունն է։
Հաջի-Ալեաքպարը, մեծ փողոցի անկյունում կանգնած, խրախուսում էր երիտասարդներին, որոնց թվումն էր և՛ Ֆաթմայի եղբայր Հաջիմը։ Նախ, իրենց չուխաները հանած և թևերի վրա իբրև վահան փաթաթած, երկու կողմերից ասպարեզ մտան պատանիները։ Շատ չանցած՝ մեջ մտան մեծերը, և թաղակռիվը սկսվեց։
Քաղաքի միջին շերտը ծածկվեց խուռն ամբոխով։ Ներկա էին և՛ քրիստոնյաները․ հեռվում հավաքված կամ բարձր կտուրների վրա կանգնած, նրանք ականատես էին, թե ինչպես երկու արյունակից և կրոնակից համայնքներ աշխատում են միմյանց արյունը թափել։
Կռիվը տեղի ուներ միջին, ամենաընդարձակ փողոցում։ Հազարավոր քարեր երկու կողմից տեղում էին կռվողների գլխին։ Բոլորը զինված էին երկայն փայտերով, բայց «փայտակռիվը» դեռ չի սկսվել, որովհետև ախոյանները տակավին հեռու էին միմյանցից։ Կոտրատվող ապակիների զրնգոցը, ոտների տրոփյունը, կանանց և մանուկների ճիչը, ջահիլների վայրենի աղաղակները քանի գնում սաստկանում էին և ահռելի դառնում։
Մի քանի պոլիցիականներ միջամտեցին, որ կռվողներին բաժանեն, բայց, փայտի մի քանի հարվածներ ստանալով,