Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի մարդիկ փողոցից մի երկայն սանդուղք դրեցին բաղնիսի պատին։ Ֆաթման տեսավ, որ ներքևից Հաջի֊Ալեաքպարի ծառաներր բարձրանում են վերև։ Նրանք արդեն հասել էին սանդուղքի ծայրին և աղաչում էին Ֆաթմային, որ մոտենա, բայց նույն վայրկյանին սանդուղքը նրանց ոտների տակ դողաց և ճռճռալով ընկավ փողոց, իր հետ տանելով Հաջիի ծառաներին։

Այդ պահին Ֆաթման զգաց, որ հետևից երկու ձեռներ գրկեցին իրան։ Ինչպես հանկարծակի որսված մի ճնճղուկ, նա մի վայրկյան ճիգն արեց դուրս պրծնելու երկաթե ունելիքի պես ամուր սեղմած ձեռներից։ Սակայն ուժերը դավաճանեցին նրան, և նա, թուլացած, անձնատուր եղավ անհայտ ձեռների զորությանը...

V

Եթե ոչ ոստիկանությունն և աղսախկալները, գոնե բնությունը կարողացավ կռիվը ընդհատել։ Վրա հասավ իրիկնային մութը, ջահիլների կատաղությունը չիջավ։ Փոքր առ փոքր կռվին անմասնակից հանդիսականների բազմությունը ցրվեց, կռվողները հոգնած, ջարդուփշուր եղած, հետ քաշվեցին։

Հաղթող հանդիսացավ Սարի-Թորփաղը, բայց Իմամլուն պարծենում էր արծաթագործ Ասադի կռվի ասպարիզից անհայտանալու լուրով։ Երկու կողմից վիրավորվել էին քսանուհինգ մարդ, որոնցից երեքի դրությունն անհուսալի էր։

Ջահիլները խումբ-խումբ փողոցների անկյուններում հավաքված, միմյանց հաղորդում էին կռվի մանրամասնությունները։ Հաջի-Ալեաքպարին հավատացրին, թե արծաթագործ Ասադը սպանվել է կամ գոնե վիրավորվել։ Հաջին հրամայեց ջահիլներին շարբաթ բաժանել։

Մինչ նրանք խմում էին շաքարախառն ըմպելիքը, մոլլա-Ղանիի տնից լսվեց հուսահատ աղաղակների ձայն, և մի կին, մազերը փետելով, ոտաբաց, գվխաբաց վազեց փողոց.

Դա Ֆաթմայի մայրն էր։

— Մարդի՜կ, աղջիկս չկա, մարդի՜կ, աղջկաս փախցրել