Ծերունի այգեպանը նրա ձեռից բռնում է և խրճիթի դռների մոտ տանում։ Առավոտյան աղոտ լուսով Ասադը հեռվում, այգու գրեթե մյուս ծայրում նկատում է ինչ-որ մարդիկ, լսում է ինչ-որ խուլ սպառնալիքներ։ Մարդիկ ավելի ու ավելի մոտենում են, ձայներն ավելի ու ավելի պարզ են լսվում։ Ահա ծառերի բների հետևից փոքր առ փոքր որոշվում են եկողների դեմքերը. մի մասը ձիավոր է, մյուս մասը հետևակ, բոլորն էլ թրքեր են և իմամլուցիներ։ Մեկը ոտով շտապում է ամենից առաջ։
Ասադը ճանաչում է Հաշիմին։
Մի ակնթարթում նա թռչում է ներս, հավաքում է մնացյալ զենքերն և, Ֆաթմային քնած թողնելով, դուրս է գալիս. խրճիթը կողպում է, թիկն է տալիս դռներին և կանգնած՝ սպասում է եկողներին։ Փախչել և Ֆաթմային փախցնել անկարելի է. թշնամիները մոտիկ են, պետք է պաշտպանվել։ Բայց ո՞ր մեկի դեմ պաշտպանվել, նրանք մոտ տասնուհինգ հոգի են, իսկ Ասադը միայն մի ծերունի օգնական ունի, որի միակ զենքը հիսնամյա ժանգոտված խանչալն է։ Փույթ չէ, թող գա, ոչ ոք չի կարող Ասադի ձեռքից Ֆաթմային խլել, քանի նրա շունչը բերանումն է։
Վերջապես, իմամլուցին երբ դուրս եկան ծառերի հետևից և կանգ առեցին, խրճիթի դեմուդեմ կիսաշրջան կազմելով։ Հաշիվն արագությամբ հանեց ուսովը գցած հրացանը և, նշանակ դնելով Ասադի կուրծքը, գոչեց։
— Անշա՛րժ կաց:
Նրա օրինակին հետևեցին ղումարբաղ Հասանը, ինըմատնանի Սեյֆուլլան, շեկ Հեյդարը, սև Բաղիրը, քոռ Միթալլիմը և մի քանի ուրիշներ։ Եվ Ասադն յուր դեմուդեմ տեսավ տասնից ավելի սև խողովակներ, որոնց մթին, մահաբեր ծակերը նայում էին ահռելի կերպով, ինչպես տարտարոսից վռնդված դևերի աչքեր։
Ծերունի այգեպանը վազեց առաջ, սկսեց կատաղած իմամլուցիներին խրատել, հաշտության հրավիրել, բացատրելով, միևնույն ժամանակ, թե տղամարդություն չէ մեկի դեմ քսան հոգով դուրս գալը։