Մեկը մի քար ձգեց նրա վրա և հայհոյելով ասաց, որ չխառնվի գործին։
— Հեռո՜ւ, քեաֆթառ շուն,— գոչեց շիլ Նուրուլլան,— եթե ոչ — հոգիդ սատանայի բաժին կդարձնեմ։
Ծերունին ետ քաշվեց, ափսոսալով, որ ձեռին հրացան չունի, եթե ոչ ցույց կտար հանդուգն «երեխաներին», թե ով է քեալբլահի Աբդուլլան:
Հաշիմը պահանջում էր, որ Ասադն իր ձեռքով Ֆաթմային խրճիթից դուրս բերի և հանձնի նրան։ Ասադը սկզբում փորձեց ազդել նրա խելքի, սրտի և մուսուլմանական զգացմունքների վրա։ Նա հիշեցրեց կրոնի միությունն և Ղուրանի պատգամները, որ արգելում են ուղղափառին՝ ուղղափառի արյուն թափել։ Բայց Հաշիմը ոչինչ չէր ուզում լսել։ Նա մի բերան պահանջում էր, որ Ասադը կամավ վերադարձնե նրա քրոջը։
— Իսկ եթե չտա՞մ,— գոչեց Ասադը, վերջապես հուսահատված։
— Դիակդ ոտնատակ անելով կանցնեմ և կվերցնեմ,— պատասխանեց Հաշիմը վճռողաբար։
Այս ասելիս հրացանը նրա ձեռին դողաց։
Այգեպանը հորդորում էր Ասադին խնայել յուր երիտասարդ կյանքն և Ֆաթմային կամով հանձնել եղբորը։ Ասադը չէր լսում նրան։ Ճակատը թաշկինակով փաթաթած, երեսն արյունի չորացած կաթիլներով, կուրծքը կիսով չափ բաց, մի ձեռր հրացանին կրթնած, մյուսը կողքին հենած, մեջքը խրճիթի դռներին թեքած, նա կանգնած էր միևնույն տեղ և, կարծես, սպասում էր վերջին վճռական րոպեին։ Նրա աչքերը կարմրած էին, գլուխը ծանրացել էր, ոտներն ու ձեռներր դողում էին սաստիկ տաքությունից։
— Էյ անխիղճ, խնայի՛ր ինքդ քեզ, ափսոս է քո երիտասարդությունը,— գոչեց իմամլուցիներից մեկը, որ, ակամա հիացած հանդուգն սարի-թորփաղցու առնական գեղեցկությունից, չկարողացավ զսպել յուր ներքին ձայնը։
— Նրա ի՞նչն է ափսոսալի, ադա՛, լեցրո՛ւ շան բերանը ծխով,— ընդհատեց նրա խոսքը մի խռպոտ ձայն։
Իսկույն ինը-մատնանի Սեյֆուլլայի հրացանը պայթեց։ Գնդակը, դռների ճեղքից փչող աշնանային քամու պես, վզզալով