Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցավ Ասադի գլխի վրայով և մտավ խրճիթի հետևի թթենիներից մեկի բունի մեջ: Իմամլուցին դրանով կամենում էր համառ սաթի-թորփաղցուն վախեցնել: Սակայն, իզո՜ւր, Ասադը պատրաստվել էր պաշտպանվել մինչև վերջին շունչը։

VIII

Հրացանի ձայնը Ֆաթմային զարթեցրեց։ Դռներն ուժով բացվեցին, երիտասարդ աղջիկը դուրս վազեց, խիտ ու երկայն մազերն ուսերի վրա անկանոն թափված, կուրծքն եղունգներով անխնա պատռտելով և բարձրաձայն գոռալով. Նա վազեց և կանգնեց Ասադի առջև, երեսը դեպի իմամլուցիները։

— Զգո՛ւյշ,— հրամայեց Հաշիմն յուր ընկերակիցներին, հրացանը ցած դնելով։

— Կոտրատվե՛ք դուք, կոտորվե՛ք դուք,— աղաղակում էր Ֆաթման, արդեն մոռացած յուր սովորական ամոթխածությունը։

— Վազի՛ր այս կողմը,— գոչեց Հաշիմն, առաջ դիմելով, որ քրոջը առևանգի։

Բայց Ֆաթման, ավելի մոտեցավ Ասադին, պաշտպանելու մտքով, կանգնեց նրա առջև և պատասխանեց եղբորը.

— Մի՛ մոտենար, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, որ նրա մի մազն էլ վնասվի։ Նա մեղավոր չէ, ես ինքս եմ փախել նրա հետ, այո, ես ինքս, իմ կամքով: Հաշիմ, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, չեմ թողնիլ...

Տեսարանը սրատաշարժ էր: Երկու թշնամիների մեջտեղ կանգնած էր մի անհաղթելի պատնեշ, առանց որին խորտակելու, անկարելի էր որևէ ճակատամարտ։

Երբեք Հաշիմը չէր կարող երևակայել, թե Ֆաթման այդչափ պաշտպան կհանդիսանա յուր առևանգողին։ Նա հավատացած էր, որ յուր քույրն ակամա է ընկել Ասադի ձեռքը, թե նա մի տկար զոհ է, որին փրկելու համար պիտի թշնամու արյունը խմել։ Այժմ, տեսնելով Ֆաթմայի համառությունը, տեսնելով նրա հուսահատ պաշտպանությունը, մնաց ապշած։ Մի վայրկյանում վրեժխնդրության կիրքը նրա սրտում տեղի