Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա ոտները ներքևի կողմից երևում էին ծուռ և երբ նա, յուր ձեռնափայտի վրա հենվելով, մի քանի քայլ առաջ եկավ, նշմարվեց, որ կաղում է փոքր-ինչ. կարելի էր կարծել, որ նրա ոտների ոլոգները իրանց տեղումը չեն կամ գարշապարներն ո՛ռած են։ Անախորժ, վերին աստիճանի անախորժ և, միևնույն ժամանակ կասկածավոր ու երկյուղալի տպավորություն էր գործում այդ մարդու ամբողջ կերպարանքն առաջին հայացքից։ Նրան տեսնողն և՛ կխղճար, և՛ կսարսափեր ակամա, իսկ եթե լսեր, որ ողորմություն է աղերսում, կմերժեր կամ եթե ողորմել կամենար, չէր մոտենար նրան, հեռվից կձգեր փողն և կհեռանար։

Անթառամը շտապելով և հազիվհազ իր դողդոջուն քայլերը փոխելով, անցավ այդ մարդու մոտով, առանց ուշադրություն դարձնելու նրա վրա։

Անծանոթը խոր խորշերի մեջ թաղված աչքերով ոտից գլուխ չափեց նրան ուշադրությամբ։ Տարօրինակ և զարմանալի էր այդ աչքերի արտահայտությունը։ Կարծես, նրանք վաղուց զրկվել էին կենդանությունից, կարծես, նրանց խոշոր բիբերն անշարժ էին, սպիտակ շրջանակները սառած, հողագույն կոպերը քարացած։

Նա նայեց Անթառամի հետևից, նայեց աջ ու ձախ, հաստաբուն թթենուն, տան փոքրիկ փայտյա պատշգամբին, կիսավեր շրջապարսպին և գլուխն երկմտորեն շարժեց։ Թվում էր, որ նա տատանման մեջ է. չգիտե ինչ անե, խոսե, թե լռե, առաջ գնա, թե ետ դառնա, բարկանա, թե ուրախանա։

Այնինչ Անթառամը հասավ դրսի դռներին, նայեց դեպի փողոց և կրկին շփոթված ետ դարձավ։ Այս անգամ նա նկատեց անծանոթին և, չմոտենալով նրան, հուզված ձայնով հարցրեց:

— Դո՞ւ ես կառապանը։ Անծանոթը լուռ էր։

— Կառապանը դո՞ւ ես։ Անծանոթը լուռ էր։

— Բաս ինչո՞ւ (կանգնեց մեր դռների մոտ... Ուրի՞շ է եկողը... Նա չեկա՞վ...

Անծանոթը փայտի օգնությամբ մի քայլ առաջ դրեց: Նա