Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձյալ լուռ էր և միայն յուր կիսակենդան և երկմիտ հայացքը չէր հեռացնում Անթառամի երեսից։

— Ողորմած Աստված, ինչո՞ւ ես ինձ ծաղր անում,— գոչեց Անթառամը դառնությամբ,— ես սպասում եմ... Չէ, կանգնիր, այ մարդ, դու, ո՞վ ես... Տեր աստված... ավազակ, .. ի՞նչ ես ուզում ինձանից...

Այստեղ անծանոթն երկու ձեռները հենեց փայտի վրա, մեջքը քիչ թեքեց և հառաչելով արտասանեց հետևյալ խոսքերը.

— Կատարվեց ասածս... ոչ ես ճանաչեցի, ոչ նա է ճանաչում...

Անթառամը սարսափած և անգիտակցաբար ետ կանգնեց։ Այդ մարդու ձայնը նրա հոգու խորքում զարթեցրեց վաղուց, շատ վաղուց թմրած մի բան։ Մի թույլ հիշողություն լուսավորեց նրա հոգին։ Այդ նրա տասնութ տարի առաջ մեռած և մոռացված ամուսնու ձայնն է, այո՛, իսկ և իսկ այն թույլ, խեղճ ողորմելի ձայնը, միայն ավելի տկար։ Բայց ի՞նչպես, կարելի բան է, որ մեռելը վեր կենա տասնութ տարվա գերեզմանի խորքից։ Միթե նա երազու՞մ է կամ գուցե ցնոր՞վել է:

— Ես Գրիգորն եմ... չճանաչեցի՞ր...

Ճի՞շտ լսեցին, արդյոք, Անթառամի ականջները, թե՞ դարձյալ շարունակվում է նրա զառանցանքը։ Սակայն նա կարող է երազում լինել, կարող է անգամ ցնորված լինել, բայց որ չճանաչի իր Գրիգորին, որ կարողանա մազու չափ խաբվել նրան տեսնելիս, դա անկարելի բան է։ Եվ ոչ միայն նա, այլև ամենքը, որ մի անգամ տեսել են նրա գեղեցկադեմ, նրբակազմ որդուն, մի թե երբևիցե կարող են չճանաչել թեկուզ տասնուհինգ տարուց հետո։

Ինչպես քնից նոր զարթնած նա շփեց ձեռներով աչքերը, որ ավելի պարզ դիտե յուր առջև կանգնած տարօրինակ անձնավորությունը։ Եվ կար մի անխուսափելի, մի անբաժան երեվույթ, որ խանգարում էր նրան տեսնել իսկությունը։

Դա Գրիգորի, նախկին Գրիգորի սիրուն կերպարանքն էր, այնպես, ինչպես տպավորվել էր նրա հիշողության մեջ։ Սա է ահավասիկ Անթառամի իսկական որդին, այս սիրուն պատկերը