Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կա։

— Նա հիվանդ է։

— Հիվա՞նդ է,— գոչեց Սմբատը, զուր աշխատելով չկորցնել սառնասրտությունը։

— Այսօր մինչև երեկո պառկած է եղել. ասացի, աղջիկ պարոն, թո՛ղ գնամ, Սմբատին գտնեմ, բժիշկ կանչենք։ Չուզեց ու չուզեց... Պառկած է ու լաց է լինում․․․ գնում եք այնտե՞ղ. աստված սիրեք, չասեք Գասպարն ասաց։ Նա կբարկանա վրես, եթե իմանա, որ ես եմ ձեզ հայտնել։

Հռիփսիմեն արդարև հիվանդ էր և ծանր հառաչում էր, պառկած խավար սենյակում, երբ Սմբատը ներս մտավ։

— Ի՞նչ է պատահել, հիվա՞նդ ես, ինչու՞ ես մթնում պառկել,— կրկնեց միմյանց հետևից յուր հարցերը Սմբատը։

Գասպարը նրա հրամանով իսկույն ներս բերեց վառած կանթեղը։ Հռիփսիմեն պառկած էր, երեսը պատին դարձրած, գլուխը սև շալով ծածկած, առանց վերմակի, ձեռում սեղմած մի բան։

Սմբատը զգուշությամբ մոտեցավ նրան։

— Նայի՛ր, մայրի՛կ, ես եմ...

Նրա ձայնը դողում էր, դողում էին և նրա ձեռներն երկյուղից և խղճի հարվածից։ Հռիփսիմեն արագությամբ, որքան, իհարկե, ուժ ուներ, բարձրացավ և նստեց անկողնի վրա։

— Դու՞ ես,— արտասանեց նա քնից նոր սթափվողի պես,— էհ, ոչինչ, գլուխս քիչ ցավում էր, անցավ։

Այս ասելով, նա շտապով և գաղտնի թաքցրեց բարձի տակ մի բան։

— Այդ ի՞նչ ես թաքցնում, ցո՛ւյց տուր...

Որդին կասկածանքով ձեռը մեկնեց և բարձի տակից հանեց թաքցրած բանը։ Դա նրա հանգուցյալ եղբայրների և հոր լուսանկարներն էին։ Նայեց նրանց վրա Սմբատը, հիշեց այն երջանիկ օրերը, երբ նրանք կենդանի էին, հիշեց մեկի որդիական և մյուսի ամուսնական սերը։ Չէ՞ որ այժմ չկան նրանք և մոր միակ սփոփանքն ինքն է այսօր։ Չէ՞ որ ինչպես մայրն է յուր բոլոր սերը նվիրել որդուն, նա ևս պարտավոր է յուր հոր և եղբոր փոխարեն սիրել նրան...