սրտում ատելություն հղացնել դեպի ինքը, մի ծայրահեղ զգացմունքի տեղ — հակառակը ներշնչել։ Այն ժամանակ մայրը, վերջապես, կձանձրանա որդուց և բարվոք կհամարի, գեթ միառժամանակ, բաժանվել նրանից։
Սակայն զուր, բոլոր այս միջոցները հակառակ արդյունք ունեցան Սմբատի համար։ Որքան նա բռնի ատելություն էր ցույց տալիս, նույնքան մոր սերը զարգանում էր, կույր հնազանդությունը ամրանում։ Նա շարունակ լուռ ու մունջ դիմանում էր որդու քմահաճություններին, առանց գեթ մի անգամ թեթև հանդիմանություն անելու։
Մի օր Սմբատը նկատեց, որ մայրը գաղտնի մի արծաթե դրամ տվեց մեկ կույր երգչի, որին նա վռնդել էր։ Հետևյալ օրը նա պատահմամբ, դռների մոտով անցնելիս, տեսավ, որ մայրը նստած լաց է լինում յուր ամուսնու սենյակում։ Այդ ստիպեց նրան մի կողմ ձգել կեղծ ատելության դիմակը, որ այնքան ծանր էր նրա համար։
Այժմ մնում էր մի վերջին միջոց — լինել անզգա, թողնել անուշադիր մոր լացն ու հառաչանքները և գնալ ու հեռանալ։ Նա լաց կլինի, լաց կլինի և գուցե վերջը կամա-ակամա կհնազանդվի յուր ճակատագրին։
Ամառվա վերջերին մի օր նա սառն եղանակով հայտնեց մորը, թե վաղը չէ մյուս օրը ճանապարհ է ընկնելու։
— Ո՞ր քաղաքը...— հարցրեց մայրը։
— Դու նամակ կստանաս Ռուսաստանից կամ, ով գիտե, արտասահմանից։
Հռիփսիմեն ոչինչ չասաց, մի հառաչանք անգամ չարձակեց, նրա դեմքի մկանունքներն անգամ չշարժվեցին։ Այդ օրերը նա նիհարել էր, աչքերը խորն էին ընկել, այտերի ոսկորները դուրս էին ցցվել երեսի թառամած կաշվի տակ։ Նա լուռ ու խոնարհ երեսը շուռ տվեց, գնաց յուր սենյակն և ամբողջ օրն այնտեղ մնաց։
Մյուս օրն երեկոյան Սմբատը սովորականից վաղ տուն վերադարձավ, հրամայեց Գասպարին յուր հագուստեղենը կապել, ասաց, թե վաղը իրիկնադեմին ճանապարհ է ընկնելու, թե արդեն կառքի տոմսակ է վերցրել։
— Բաս աղջիկ պարո՞նը,— հարցրեց ծառան զարմացած։