Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատակին, ի՞նչ էր անում այդտեղ Պտաշկինը, ինչո՞ւ նա ծափահարեց Սոփիոյին, երբ նա երիտասարդի հետ թավալվեց հատակի վրա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Այս խառնիխուռն հարցերը հուզում էին միտքս, բաբախել էին տալիս սիրտս, ես չէի կարողանում խավարի միջից մի ելք գտնել։

Մի բան միայն պարզ էր ինձ համար, որ Հախվերդյանը գրավել էր իմ սիրտն ու հոգին, որ ես սիրեցի նրան, նրա քաղցր պերճախոսությունը, նրա ուղիղ, անշեղ տրամաբանությունը, նրա ձայնի կախարդիչ ուժը, մինչև անգամ նրա ամեն մի շարժվածքը։ Որքա՜ն ուժ կար այդ ուսանողի խոսքի մեջ, որքա՜ն խելոք, ազդու և ոգևորիչ էր նա: Նա իմ աչքում բարձր էր բոլորից, նույնիսկ Պտաշկինը և Աբգարյանը, որոնց մասին ընկերս ավելի մեծ գաղափար ուներ, Հախվերդյանի մոտ թվում էին թզուկներ, գաճաճներ: Հավատացե՛ք, պարոններ, ես մինչև անգամ նախանձում էի օրիորդ Մարգարյանին, որ կարողացել էր գրավել այդ ուսանողի սիրտը։ Այո, մի քանի ժամվա ընթացքում այդ մարդն ինձ ստրկացրեց յուր ուժին և խելքին, ես սիրեցի նրան, ի՛նչ եմ ասում, նա դարձավ իմ իդեալը...

Մինչ Բարսամյանը պատմում էր, իրավաբանը, ուսուցիչը և բժշկապետը լուռ և ուշագրավ լսում էին։ Րոպե առ րոպե առաջին երկուսը նայում էին վերջինի երեսին, որ իմանան արդյոք տանտերը չի՞ ձանձրացել։ Բայց ոչ մեկը նրանցից այնքան անհամբեր ուշադրությամբ չէր հետևում Բարսամյանի պատմության, որքան բժիշկը։ Բազկաթոռի վրա նստած, աչքերը հառած պատմիչի երեսին, նա, մերթ ծխելով, մերթ միրուքը շփելով, լռում էր և լսում էր, կարծես, աշխատելով ոչ մի խոսք, ոչ մի բառ բաց չթողնել պատմությունից։ Երբեմն նրա դեմքի վրա նշանակվում էր մի փոփոխություն, նրա հոնքերը սեղմվում էին, աչքերն արտահայտում էին ինչ-որ հոգեկան անհանգստություն, և նկատելի էր, որ նա աշխատում էր զսպել իր հետաքրքրությունը, անտարբեր ձևանալ։ Բայց չէր հաջողվում, քանի պատմությունը շարունակվում