Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, այնքան բժշկապետի հետաքրքրությունն ավելի էր գրգրվում։

Բարսամյանը ոտը ոտի վրա դրեց, ծխախոտի թանձր մուխը բաց թողեց բերանից և շարունակեց.

— Այսպես, պարոններ, ես ծանոթացա և ընդունվեցի այն շրջանում, որի մասին մինչև այն օրը ոչինչ տե՛ղեկություն չունեի։ Այն երեկոյից հետո ես շարունակում էի այցելել այդ բարեկամներին։ Եվ որքան շատ էի տեսնում, այնքան սիրում էի իմ նոր ընկերներին և այնքան ավելի ենթարկվում էի Հախվերդյանի ազդեցության։ Մենք կարդում էինք, խոսում, դատողություններ անում, վիճաբանում էինք մեկը մյուսից բարձր և բարդ խնդիրների մամին։ Ես արդեն այնքան ընտելացել էի իմ նոր ընկերության, որ ժողովներում չէի ներկայանում անխոս ունկնդիր։ Ո՛չ, ես նույնպես սովորեցի վիճել, դատել, մտքեր հայտնել համարձակությամբ։ Երբեմն մինչև անգամ կարողանում էի լինել պերճախոս և գրավել ժողովի ուշադրությունը։ Եվ ինքս ինձ վրա զարմանում էի, թե ես ինչպես սկսեցի, ե՛ս, որ սովորաբար ամոթխած էի, համարձակությունից զուրկ և երկչոտ։ Մի բան միայն ինձ չափազանց վրդովեցնում էր, ի՛նչ եմ ասում, կատարելապես տանջում էր։ Երևակայեցեք, ոչ միայն Հախվերդյանը կամ Պտաշկինը, այլև օրիորդները, սեմինարիստները վիճելու ժամանակ իրենց ասածն ապացուցանում էին զանազան երևելի հեղինակների և փիլիսոփաների մտքերով։ Նախանձը ինձ խեղդում էր։ Դեռ այդ ոչինչ, ինձ նման գիմնազիստ, մի վիզը ծուռ տղա, որ այն տաբի պիտի ավարտեր գիմնազիոնը, միշտ խոսում էր ռեալական փիլիսոփայության անունով։ Պատմում էին այդ գիմնազիստի համար, թե նա իսկ և իսկ ճգնավորի կյանք է վարում, թեյ չէ խմում, օրվա մեջ վեց ժամ քնում է, տասնուհինգ ժամ պարապում, չէ ընթրում, չէ զբոսնում և ծիծաղում է շատ հազիվ։

Մի օր այդ միևնույն գիմնազիստը մեծ աղմուկ հանեց մեր ժողովում։ Նա կարդաց յուր մի հեղինակությունը (ամեն՝ ոք կարող էր մի բան գրել և կարդալ ժողովներում)։ Այդ փիլիսոփայության վերնագիրը շատերին վրդովեցրեց։ Պտաշկինը քնթի տակ ծիծաղեց, Աբգարյանը դժդոհությամբ մռնչեց