Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ծանր մարմին։ Խուլ աղմուկի միջից լսեցի կանացի մի սուր ճիչ։ Այնքան ազդու և հուսահատական էր այդ ճիչը, որ, կարծես, մեկին այնտեղ խեղդում էին։ Հետաքրքրության նույն անհաղթելի ուժից դրդված դուրս եկա սենյակիցս։ Կանթեղիս լույսը ուղղել էի դեպի առաջ և քայլում էի դեպի այն կողմը, որտեղից լսվում էր սուր ճիչը։

Տեսարանը պարզվեց խավարի մեջ։ Երկու սև պատկերները մի անկյունում ձգել էին այն սպիտակ պատկերին, մեկն ամուր բռնել էր ձեռները, մյուսն անընդհատ հարվածներ էր տալիս։ Սպիտակ մարմինը հատակի վրա թավալվում էր այս ու այն կողմ, աղաղակում էր, ծվվում, գոռում, աշխատում էր դուրս պրծնել ծեծողների ձեռից։ Ես բոլորովին մոտեցա․ դա մի երիտասարդ առողջ կին էր, գիշերային հագուստով, գլխաբաց, ոտաբաց։ Սև պատկերներից մեկն ալեխառն մազերով նիհար մարդ էր։ Իսկ մյուսն ինձ ծանոթ էր. դա այն Սերգո կոչվածն էր, որ իմ ձեռս այնպես ամուր սեղմեց։ Այժմ այդ կոպիտ երիտասարդն յուր բռունցքի ամբողջ ուժը ցույց էր տալիս հատակի վրա թավալվող կնոջ ուսերի վրա։

— Ինչո՞ւ եք ծեծում,— գոռացի ես, բռնելով նրա ձեռը։

Նա կանգ առավ, նայեց երեսիս, ծերունին նույնպես, և երկուսն էլ, կարծես, ամաչելով, գլուխները թեքեցին իրենց կրծքին։ Երիտասարդ կինը, հատակի վրա սողալով, հետ ու հետ քաշվեց և կպավ պատին։ Նա դժվարությամբ էր շնչում, բերանից փրփուր էր գալիս, դեմքը թղթի պես գունատ էր, իսկ աչքերը, կարմրած, վառված աչքերն անմիտ հայացքով ուղղված էին դեպի ինձ։

— Դա էր, ա՛յ դա էր,— սկսեց նա գոռալ,— դուք ուզում էիք նրան քաշ տալ կտուրում, խեղդել, կաշին հանել, միսը խորովել, ահա՛։ Անաստվածներ, ինչո՞ւ եք ծեծում ինձ, թողեք վազեմ, շորերս բերեք... լանդոն սպասում է... Ալբերտ հողեմ գլուխդ, Ալբերտ, ինձ թողիր հա՞ա, փախար հա՞ ա... Հայրիկ, փեշերդ սրբիր, պա, պա, պա, ինչ սիրուն տղա ես... շորերս... վահ, ամոթ ձեզ, ես տկլոր եմ, ցուրտ է․․․ Ծածկեցե՛ք ինձ...

Եվ նա շապկի եզրը քաշելով ծածկեց սպիտակ կուրծքը և ավելի սեղմվեց պատին։ Ես տակավին ապշած նայում էի,