Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասվել է, նրանք հանդիմանել են, հետևել են նրա ամեն մի քայլին և ամեն րոպե հիշեցրել նրան յուր դժբախտությունը։ Ասել են, որ նա առաջվանը չէ, որ նա փոխվել է, դեղնել է, քիչ է ուտում, քիչ է քնում, նրա հոգին խռովված է։ Փորձեցեք, պարոն, մի ամենաառողջ մարդու ասել, թե նրա դեմքը գունատ է, թե նա հիվանդ է, թող նույնը կրկնի երկրորդը, երրորդը, ամենքը, և դուք կտեսնենք, որ այդ առողջ մարդն իրավ սկսում է կասկածել, թե ինքը հիվանդ է։ Այո՛, պարոն, հենց այդ երևակայությունը նրան կհիվանդացնի։ Փորձեցեք խելքը գլխին մարդուն գցել մի այնպիսի շրջան, որտեղ ամենքը կասկածում են նրա ուղեղի առողջության մասին և իրենց կասկածն ամենակոպիտ կերպով ամեն րոպե հայտնում են, և դուք կտեսնեք, որ այդ խելքը գլխին մարդը հետզհետե կխելագարվի։ Այսպես են վարվել և այդ խեղճ աղջկա հետ։ Գիտեք, պարոն, շատ անգամ հասարակությունը կամ շրջանը խելագարներ է ստեղծում, բավական է, որ խելագարվողը յուր ուղեղում ունենա մի տկար շերտ, այո, մի թույլ սերմ։ Մի սերմ, որ ոչինչ ուժ և հետևանք չէր ունենալ, եթե նրա վրա ուշք չդարձնեին, այսպես ասած, չջրեին, չպարարտացնեին նրա հողը։ Բայց, ասացեք խնդրեմ, մե՞ծ է այն մարդկանց թիվը, որ իրանց ուղեղում չունին այդ սերմն այս կամ այն ձևով։ Շատ փոքր է, ես ավելին կասեմ, չկա և ոչ մեկը, այո, և ոչ մեկը, որովհետև մեզանից ամեն մեկի ուղեղում մի հիվանդություն կա։ Մենք ամենքս խելագարության առաջին աստիճանի վրա ենք զանազանությունն այն է, որ շրջանը մեկին հալածում է, բարձրացնում է վեր, իսկ մյուսին պահպանում։

— Ձեր վերջին մտքի հետ համաձայնվել չեմ կարող,— ասացի ես,— ինչ վերաբերվում է Մարթային, անշուշտ շրջանը որևէ դեր կատարել է նրա խելագարության մեջ։ Գուցե նա փութացրել է այդ խելագարությունը, որ վաղ թե ուշ պիտի կատարվեր։

— Երբեք, երբեք չէր կատարվիլ,— ընդհատեց Գալֆայանը տաքացած,— կրկնում եմ, ուրիշ շրջանում Մարթան փրկված կլիներ։ Այդ հիմարները միջոցներ ունեին նրա միտքը ցրելու, նրան զբաղեցնելու, կարող էին նրան ճանապարհորդության ուղարկել։