Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև ես այդ երիտասարդներից մի բան ևս իմացա։ Ծայրահեղ չքավորությունը սպանել էր Մարթայի հոր մեջ հայրական սերը, եղբոր մեջ՝ եղբայրական գութը։ Այս վերջինս մի օր մինչև անգամ ուզեցել է սպանել Մարթային գաղտնի կերպով, որպեսզի թե՛ ինքը և թե մյուսնե՛րը ազատվեն ծանր բեռից։ Իսկ մա՜յրը․ նա դեռ սիրում էր աղջկան և հույս ուներ նրա առողջանալու մասին։

— Սուրբ Գևորգն իմ Մարթային կփրկի։ Նա կփրկի,— կրկնում էր նա, անդադար երեսը խաչակնքելով։

Եվ նրա ձայնի մեջ այնպիսի խորին հավատ և անհահաղթելի հույս էր զգացվում, որ երբեմն ես էլ էի հավատում։

Մի անգամ ես Մարթային հարցրի․

— Կգնա՞ս սուրբ Գևորգ։

— Գիտես, դու գիժ ես, ա՛յ, գիժ — պատասխանեց նա։

Բայց հանկարծ փոխվեց և գոչեց։

— Սուրբ Գևորգ կգնամ. գնանք հենց այս րոպեին։ Ինձ բաց թողեք, մենակ կգնամ, ա՛յ, այնտեղ, այն սարերը։ Ալբերտ, ազատի՛ր ինձ այս բանտից, Ալբերտ, ինձ այստեղ խեղդեցին։

Նա ձեռը տարավ օձիքին այնպես ծանր շնչալով, որ կարծես հիրավի խեղդվում էր։ Ես հիշեցի Գալֆայանի խոսքերը։ Արդյոք, եթե մի երևակայական Ալբերտ վերցնի տանի նրան սարերը, անտառները, նա չի՞ առողջանալ։

Իմ դրությունը միանգամայն անտանելի էր դառնում։ Ոչ մի ընկեր կամ ծանոթ չէր ուզում գալ ինձ մոտ։ Այն գիշերվա տեսարանն ով որ լսում էր, սարսափում էր և իսկույն խորհուրդ տալիս տեղափոխվել այդ սենյակից։ Իսկ ես չէի ուզում վիրավորել խելագարի ծնողներին։ Բացի նրանցից, որ իմ վճարած ամսական յոթը ռուբլի վարձը մի զգալի օգնություն էր աղքատ ընտանիքի համար, ես համարվում էի Մարթայի զսպող ուժը։ Եվ իրավ խելագարը ոչ ոքին այնպես չէր հպատակվում, որքան ինձ։

Գարնան սկզբին տանտիրուհիս ինձ ասաց, թե արդեն փող են ձեռք բերել և շուտով մտադիր են գնալ սուրբ Գևորգ։ Նա ուրախ էր. ես էլ ուրախացա։ Մի շաբաթ չանցած՝ ես