Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարզ մարդու հարցն ինձ դրեց նեղ դրության մեջ։ Ի՞նչ պատասխանեի։

Ես խույս տվեցի ուղիղ պատասխանից։

— Հավատացեք, չեմ իմանում, եղել է ձեր կինը հիվանդ, թե ոչ... ամեն մարդ իր կյանքում հիվանդանում է, ինչու՞ նա չպիտի հիվանդանար․․․

— Դուք իմ միտքը չհասկացաք, պարոն Սարաֆյան,— ընդհատեց նա,— ես հասարակ հիվանդության մասին չեմ խոսում... է՜հ, ինչ եմ երկարացնում, դրուստը հարցնեմ. դուք տեսե՞լ եք իմ կնոջը գժված ժամանակը։

— Ո՞վ է ասում, որ նա գժված է եղել,— գոչեցի ես, կեղծ զարմանալով։

Սակայն ուղղասեր լեռնականին անկարելի էր շեղել յուր նպատակից։ Ոչ մի խորամանկ կամ վայրիվերո պատասխան չգոհացրեց նրան: Բևեռի պես նրա ուղեղում ցցվել էր մի հարց, և նա, ինչպես և է, ուզում էր լուծել այդ հարցը։ Նա ինձ հավատացրեց, թե ինքն ամեն ինչ լսել է, ամեն ինչ գիտե։ Գիտե, որ ես ապրել եմ նրանց ընտանիքում, եղել եմ խելագարին զսպողներից մեկը։ Թե ով էր պատմել նրան այդ բոլորը, որ չար օձն էր թափել նրա պարզ սրտի մեջ յուր թույնը — նա այդ ինձ չասաց։

Խղճալի էր նույն րոպեին այդ մարդը. շատ բան կտայի, եթե կարողանայի ցրել նրա սոսկալի կասկածը։ Բայց ի՞նչպես խաբեի նրան։ Ես թաքցրի Մարթայի սիրո մասին Գալֆայանից լսածս։ Ասացի միայն, թե Մարթան ունեցել է հոգեկան թախիծ, ուրիշ ոչինչ, թե նրա սիրտը պղտորված է եղել, բայց ուղեղն անվնաս, թե այդ սովորական մի դեպք է, չարժե դրա մասին մտածել, անցած գնացած բան է։ Ես սուտ չէի ասում, այն Ժամանակ ես հավատացած էի, որ Մարթայի ուղեղը ծանր հիվանդություն չի ունեցել, եթե ոչ՝ կարծում էի ոչ մի բան նրան չէր բժշկիլ։

— Շատ շնորհակալ եմ,— շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք,— արտասանեց նա, ոտքի կանգնելով, և, ձեռս սեղմելով, ավելացրեց.— դուք իմ բարեկամն եք։

Ասաց նա և, գլուխը կրծքին թեքած, տխուր հեռացավ...

Այնուհետև ես դադարեցի այցելել Պետրոսի ընտանիքը։