Ցավալի էր ինձ համար տեսնել նրան այդ վաանգավոր կասկածի մեջ։ Ես զգում էի, որ նա միշտ տանջվում է, որ իրեն խաբված ու վիրավորված է համարում։ Բայց ավելի վշտալի Էր Մարթայի դրությունը։ Նա վաղ թե ուշ պետք է հասկանար, պետք է նկատեր շրջապատողների կասկածը։ Տե՜ր աստված, մտածում էի ես երկյուղով, ի՛նչ կպատահի նրան այն ժամանակ, կդիմանա՞ արդյոք չարագուշակ փոթորկին, թե՞ կընկճվի դժբախտ անցյալի հիշատակների ներքո։
Ինձ վախեցնում էր Պետրոսի պարզ և անշեղ բնավորությունը, մանավանդ նրա խստաբարո մոր նախապաշարմունքները: Թող այդ մարդիկ լինեին խոհեմ — կմոռանային ամեն ինչ, անուշադիր թողնելով չար մարդկանց ասածները։ Բայց ցավալին այն է, որ նրանք չգիտեին, թե ինչ է մարդկային սրտի և հոգու օրենքները։
— Ինչու՞ մեզ մոռացաք,— բռնեց ինձ Պետրոսը մի անգամ փողոցում,— ես ուզում եմ ձեզ շուտ-շուտ իմ տանը տեսնել։ Արի, հենց հիմա գնանք։
Եվ նա ինձ ստիպեց հետևել իրան: Ճաշի ժամանակ էր։ Մարթան սեղանատանը զբաղված էր։ Նրա սկեսուրը և մարդու քույրը նստած էին հյուրասենյակում։ Ինձ տեսնելով, նրանք շշնջացին միմյանց մեջ, բայց և ուրախությամբ ընդունեցին։
Ներս մտավ Մարթան և, ինձ բարևելով, անցավ սեղանատուն: Չգիտեմ ինչու, ես չէի կարողանում նրա երեսին ուղիղ նայել։ Կարծես, նրա առջև մի բանով մեղավոր էի։ Երբ նա երեսը դարձնում էր սեղանից, այն ժամանակ միայն նայում էի նրան, կամենալով գուշակել, արդյոք, մի բան հասկացրել են։ Նրա դեմքը մի քիչ դեղնած էր, հոնքերի մեջտեղում երևում էր մի նոր խորշ։ Նա սովորականից քիչ էր խոսում, երբեմն բոլորովին չէր խոսում։ Բայց այդ փոփոխությունն ես վերագրեցի ուրիշ պատճառի, ես նկատել էի նրա իրանի անբնական ձևը...
Խոսակցությունը չէր կապվում։ Ես աշխատում էի Պետրոսին զբաղեցնել քաղաքային լուրերով։ Սակայն մի թեթև շշուկ, մի որևէ շարժում կնոջ կողմից — խլում էր նրա ուշադրությունն, և իմ խոսքը կիսատ էր մնում։ Դրությունս փափուկ էր,