Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարոններ, երկար կլինի պատմել ձեզ այն բոլորը, ինչ որ այնուհետև կատարվեց։ Ամեն բան ես իմանում էի Մարթայի կյանքից, մերթ ինքս տեսնելով, մերթ Սերգոյից լսելով։ Պետրոսը, յուր խստաբարո մոր կամքով, ամբողջ օրը պահում էր Մարթային տանը փակված, չնայելով որ հղի կնոջ համար ազատ օդը և զբոսանքն անհրաժեշտ էին։

Մի օր Մարթան վշտացած հարցնում է սկեսուրից, ինչու նա նրա եղբոր ու մոր հետ լավ չի վարվում և ինչու չի ուզում, որ նրանք այցելեն։ Կոպիտ և գռեհիկ պառավը պատասխանում է, թե նրանք հավիտյան ոտք չպիտի դնեն յուր տունը։

— Ինչո՞ւ,— հարցնում է Մարթան։

— Քեզնից հարցրու. ինչո՞ւ նրանք իմ որդուն անբախտացրել են։

Հետո պառավն ամեն ինչ պատմում է նրան և ավելացնում է.

— Դու խելագար ես։

Մարթան ուշաթափվում է և ընկնում։ Այն օրից նրան տիրում է ծանր տրտմություն, որ այլևս նրանից չի բաժանվում։ Մութ կերպով զարթնում է նրա ուղեղում տխուր անցյալը, ապա հետզհետե բարդվում են բոլոր խավար հիշատակները — մի անգամ հիվանդ եղած ուղեղը նորից սկսվում է պղտորվել և մթնել։

Մի օր Պետրոսը դարձյալ ինձ հանդիմանեց փողոցում, որ այլևս իրան չեմ այցելում։ Ես նուրբ կերպով ակնարկեցի նրա անբնական դրության մասին։

— Կգամ ձեր որդու կնունքին,— ասացի ես, ժպտալով։

— Իմ որդու՜,— կրկնեց նա,— աստված տա, որ նրա ծնունդը հաջող լինի։

Նա հառաչեց։ Նա տանջվում էր հոգեպես և շատ ծանր էր տանջվում։ Ես սկսեցի նրա հետ պարզ խոսել, կամենալով մի անգամ ևեթ ցույց տալ նրա կասկածի անհիմն լինելը։ Նա դառն հեգնությամբ լսում էր իմ ասածը։ Նրա վրա ոչ մի համոզիչ խոսք չէր ազդում։ Նա գոչեց վշտացած ձայնով.

— Պարոն Սարաֆյան, իմ կնոջ ցավը դուք գիտեք, բայց միայն դուք եք իմացել, և այս գաղտնիքը թող մնա մեր մեջ։