դատարկ բանի համար նրա մայրն իմ մորը մի կոպիտ հիշոց տվեց։ Այժմ խեղճ կինը չի համարձակվում այնտեղ գնալ։ Ամեն օր նստած լաց է լինում։
— Իսկ Մարթա՞ն, նա զգո՞ւմ է յուր շրջապատողների կասկածը։
— Զգում է և մեկէլ օրը ինձ գանգատվում էր։ Այդ հիմարները մինչև անգամ վախենում են նրանից։ Գիշերները ոչ ոք չի համարձակվում նրա հետ միայնակ մնալ։ Նույնիսկ Պետրոսը հանգիստ չի մնում նրա հետ։ Մարթան ասում է, որ երբեմն գիշերները նա մի քանի անգամ զարթնում է և զարմացած մտիկ անում չորս կողմը։ Այս վերջին օրերս Մարթան ինքն էլ հանգիստ չի կարողանում քնել․ նրան թվում է, թե ուզում են իրան սպանել, նա շատ է վախենում։
— Ցավալին այն է,— ասացի ես ոգով վշտացած,— որ Մարթայի դրությունը․․․ հասկանո՞ւմ եք։
— Այո՛,— լրացրեց Սերգոն,— նա հղի է, հինգ ամիս է արդեն։
— Այդ վիճակում շրջապատողների վարմունքը ավելի է սպառնում նրա հոգեկան առողջությանը։
— Հասկանում եմ, բայց ասացեք, ի՞նչ կարող եմ անել ես։
— Դուք և ձեր մայրը միշտ պետք է նրա մոտ լինեք, աշխատեք, որքան կարելի է, հեռու պահել նրան այդ շրջանի կասկածից մինչև որ տագնապն անցնի։
— Հեշտ է ասել... Այդ մարդիկ չեն ուզում մեր երեսն անգամ տեսնել, իսկ դուք ուզում եք մենք միշտ Մարթայի մոտ լինենք։ Մայրս քիչ է մնում խելագարվի աղջկա կարոտը քաշելով, իսկ ես... ես ինքնասեր մարդ եմ, չեմ կարող այն տգետ գյուղացիների վիրավորանքը տանել... Ոչ, ոչ․ չեմ կարող, ես... կսպանեմ Պետրոսին։
Ես աշխատեցի այդ գոռոզ արարածին համոզել, թե այդպիսի դեպքերում նրա ինքնասիրությունը բոլորովին՝ ավելորդ է, թե նա պարտավոր է, չնայելով վիրավորանքներին, պաշտպանել յուր քրոջը սպառնացող վտանգից։ Բայց նա մնաց անխախտ յուր ասածի վրա։
Ես թքեցի և վշտացած հեռացա։