Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազիվ ճանաչեցի նրան։ Ճշմարիտ է, Պետրոսը, նրա մայրն ու քույրը շատ զգույշ ու մեղմ էին վարվում նրա հետ, բայց այդ ավելի սաստկացնում էր Մարթայի թախիծը և ավելի կասկածամիտ դարձնում նրան։ Մի վայրկյան նա նայեց երեսիս, և այդ թախծալի աչքերի մեջ ես կարդացի նրա հոգու սոսկալի մրրիկը: Մերթ նա շրթունքները սեղմում էր և երեսը հետ դարձնում, մերթ նայում էր մոր երեսին։ Նրա ձեռները թեթևակի դողում էին։ Մայրն աչքը չէր հեռացնում նրա երեսից։ Իսկ մյուսները, չնայած իրենց զգուշությանը, դարձյալ երբեմն բոթում էին միմյանց և զանազան նշաններով իրար հետ խոսում։ Ո՛չ, սարսափելի հալածանքն արդեն մի անգամ սկսվել էր և որքան էր փոխվեին ձևերը — դարձյալ մնում էր հալածանք։

Այդ օրվա այցելությունը վերջինն եղավ։

Մի շաբաթ անցած Մարթայի ծննդյան ժամերը հասան՛։ Նա ազատվեց անփորձ, մինչև անգամ բժիշկ հրավիրելու կարիք չեղավ։ Բայց հենց այդ րոպեից սկսվեց նրա դառն փորձը և վերջացավ այնպես ողբալի...

Պարոններ, ով ծանոթ է կնոջ կազմի հետ, հարկավոր չէ նրան ասել, թե որքան տագնապալի է նրա դրությունն ամենահաջող ծննդից հետո անգամ։ Այո, ամենաառողջ և ամենաամուր նյարդեր ու ջղեր ունեցող կնոջ կյանքն անգամ այդ ժամանակ ենթակա է վտանգի։

Իսկ Մարթա՞ն... կարո՞ղ էր նրա վրա չազդել շրջապատողների այն լուռ հալածանքը, որ շարունակվում էր ավելի ուժով։ Փորձը շատ ծանր է լինում, որպեսզի անհետևանք մնար։ Բավական է լինում մի թույլ նշան, և ահա գուշակվում է մոտալուտ կատաղությունը։ Հենց երկրորդ օրը երեկոյան, կարծեմ, Մարթան ուժաթափվում է։ Տաքության աստիճանն սկսում է արագ-արագ բարձրանալ։ Նա սկսում է զառանցել։ Մի շատ սովորական երևույթ նրա դրության մեջ գտնվող բոլոր կանանց համար... Սակայն շրջապատողների ամրացած կասկածն այդ զառանցանքները վերագրում է ոչ թե մարմնի տկարությանը, այլ հոգու հիվանդությանը։ Մի ամբողջ օր տևում է զառանցանքը, և ողորմելին յուր բերանով պատմում է յուր տխուր անցյալի անհայտ մասն ևս։ Հետո նա մի փոքր