Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սնանկացել էր։ Շատերը կարծում էին, թե նա թաքցրած փող ունի։

Այս կարծիքը պտտում էր և՛ ուսանողների շրջանում։ Այստեղ ամենքը հավատացած էին, թե Պետրոսը խոշոր ամսական է ստանում ծնողներից։ Եթե այդպես չէ, ինչու նա ոչ մի անգամ մեկից պարտք չի ուզում։

Դա մի կոշտ սխալ էր, առանձնասեր ուսանողը ոչ թե մի, այլ շատ անգամ փողի կարոտություն էր քաշել։ Բայց խորին ինքնասիրությունն երբեք չէր թույլ տալիս նրան ուրիշների օգնությանը դիմել։ Նա ամոթալի էր համարում յուր աղքատությունն երևան հանել։ Նա ատում էր այն ուսանողներին, որոնք ուրիշի մոտ մի տեսակ պարծենկոտությամբ էին խոսում իրենց աղքատության մասին։ Այդպիսիներին նա համարում էր թոլամորթ և էժան գնով ուրիշների մոտ իրանց հերոս ձևացնող։

Ծնողները, հարկավ, Պետրոսին ընդունեցին ուրախության արտասուքով։ Վերջապես, ավարտեց նա յուր ուսումը, վերջապես կարող է օգնել նրանց։

— Բոլոր հույսերս քեզ վրա են,— ասաց հայրը,— ծերացել եմ, մեծ եղբայրդ չի կարողանում յուր չնչին ռոճիկով մեզ պահել։ Դու պետք է ծնողներիդ և քույրերիդ ազատես աղքատության ճանկերից։

Պետրոսը մխիթարեց ծերունուն ընդհանուր խոսքերով, բայց մի որոշ պատասխան չտվավ, թե որտեղ է, արդյոք, գործադրելու յուր մասնագիտությունը։

Նա տխուր էր և մտազբաղ։ Օրը մի քանի անգամ դուրս էր գալիս և միշտ հուզված տուն վերադառնում։ Ծնողները կարծում էին, թե նա զբաղված է անձնական գործերով, իսկ մեծ եղբայրն ասում էր․

— Ոչ, նա ուրիշ գործով է հափշտակված։

Հայրենիքում երիտասարդությունն երես չդարձրեց նրանից։ Նա ծանոթացավ շատերի հետ և ընդունվեց մի քանի շրջաններում, որոնց հետ դեռ Ռուսաստանում վճռել էր հարաբերություն ունենալ։

Սակայն այդ հարաբերությունը շատ կարճ միջոց տևեց։ Շուտով մայրաքաղաքից վերադարձան նրան հալածող ուսանողները։ Եկան նույնպես ֆիլոլոգ Գալումյանն և բնագետ