Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարգամյանը։ Ոչ ոք չէր մոռացել նախկին ատելությունը։

— Ի՜նչ,— գոչեց Բարգամյանը զարմացած,— մի՞թե, պարոններ, Մարդանյանի հետ կարելի է գործ ունենալ։

Դարձյալ սկսեցին հալածանքները։ Բոլոր նորավարտ ուսանողները պախարակեցին, ցեխի հետ հավասարեցրին այն մարդուն, որ միայն մի բանով էր մեղավոր — յուր առանձնասեր բնավորությամբ։ Հիմքը դրված էր — խայտառակ շինությունը շտապով կառուցվեց, Հողմի արագությամբ չար լուրերն անցան մի շրջանից մյուս շրջան։ Մարդանյանի ազգանունը դարձավ կծու խոսակցության, ծաղրի և ատելության նյութ։

Այս անգամ բամբասանքներն ավելի բարդ էին և բազմակողմանի. մայրաքաղաքներում ստեղծվածներին ավելացել էին և՛ տեղականները, և ինչե՜ր չէր հնարում ասիական պղտոր երևակայությունը։

— Հիշո՞ւմ ես, հիշու՞մ ես,— ասում էր մեկը մյուսին,— չէի՞ ասում քեզ, թե այդ մարդն ինձ դուր չի գալիս։

— Ես թաքցնում էի, չէի ուզում ասել, բայց զգում էի, որ այդ մարդը լավ պտուղ չէ։

— Բավական է մի անգամ նայել նրա աչքերին և մարդ իսկույն կարող է ճանաչել,— ասում էր մի ակնոցավոր արտասահմանյան բժիշկ, որ ինքն իրան համարում էր անսխալ ֆիզիոնոմիստ։

— Երբեք ես նրա հետ անկեղծ չեմ խոսել, գիտեի ինչ մարդ պիտի լինի,— ասում էր չորրորդը։

Եվ այսպես, ամենքը սրտագետ էին, ամենքը հենց առաջին անգամ ճանաչել էին Մարդանյանին։ Այնինչ մինչև այժմ նրանք ոչ մի որոշ կարծիք չէին հայտնել։ Թվում էր, որ յուրաքանչյուրը մի տեսակ զվարճություն էր զգում Մարդանյանին պարսավելում։ Այո՛, հազիվ թե նրանք այնքան ոգևորված գովեին մի առաքինի մարդու, որքան ոգևորված դատափետում էին մի մարդու, որի հետ ոմանք դեռ ծանոթ էլ չէին։

Դարձյալ Մարդանյանը մնաց միայնակ։ Երբեք նրան այնքան վիրավորական, այնքան անտանելի չէր թվացել նրա դրությունր, որքան այժմ։ Հանդիպում էր յուր ծանոթներին — ոչ ոք չէր մոտենում նրան և ոչ ոքին էլ ինքը չէր վստահանում մոտենալ։ Ընդունում էր սառն բարևներ և անցնում։