Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օգտվելով նրա դրությունից, աշխատեցին նրա հետ ծանոթանալ մի քանի երիտասարդներ, որոնք նույնպես արհամարհված էին, բայց ոչ առանց հիմնավոր պատճառների։

Այն ժամանակ չարակամների լեզուներն ավելի սրվեցին Մարդանյանի դեմ։

— Վերջապես, նա գտավ յուր շրջանը,— ասաց Բարգամյանը,— երեկ ես նրան տեսա պրոսպեկտի վրա անբարոյական Մարգարյանի հետ, որը գիտե՞ք․․․

Բայց Մարդանյանն ինքը խույս տվեց այդպիսի ընկերներից, ոչ թե վախենալով նոր բամբասանքներից այլ ատելություն զգալով դեպի այդ մարդիկ։ Հարկավ, այդ էլ չփրկեց նրան։ Հալածանքները քանի գնում, այնքան սաստկանում էին։

— Պարոններ,— ասաց մի օր դարձյալ նույն Բարգամյանը,— երևում է, որ այդ մարդը շատ է վիրավորվել։ Իսկ դուք գիտեք, որ ամենքից վիրավորված մարդը կարող է շատ վատ միջոցների դիմել յուր թշնամիների վերաբերմամբ։ Զգույշ, զգույշ և զգույշ եղեք։

Նրան ձայնակցեցին շատերը, մանավանդ այնպիսիները, որ ուրիշներին պարսավելով կարողանում էին քողարկել իրանց շատ խոշոր թերությունները։

Վերջապես, գտնվեցին մի քանի բարեսիրտ երիտասարդներ, որոնց շատ անողոք թվացին Մարդանյանի կրած հալածաքները։

— Ո՛չ, պարոններ, այդքան էլ անգութ չի կարելի վերաբերվել մարդուն,— համարձակվեց ասել մեկը,— էհ, մարդ է, ասենք թե անցյալում սխալներ է գործել, բայց այժմ խոմ ուզո՞ւմ է քավել յուր մեղքերը։ Մի՞թե մենք պետք է մինչև վերջը խստասիրտ լինենք։

Մեկ ուրիշը, որ ավելի համարձակ էր, ավելացրեց.

— Եթե ինձ հարցնեք, ուղիղն ասած, չգիտեմ, նա ինչ մեղք է գործել։

Ոմանք ծիծաղեցին այդ թերահավատի վրա, համարեցին նրան միամիտ, իսկ Բարգամյանը միանգամայն վրդովվեց։

— Կան հանցանքներ,— ասաց նա,— որոնց ապացուցանելը դժվար է և ավելորդ։ Մարդանյանն այդ տեսակ հանցավոր է։ Խնայել նրան — կնշանակե մեր երիտասարդության