— Նախանձելի է, նախանձելի այդ մարդը — ասացին մի քանիսը։
Այդ օրվանից Խորենի անունը հաճախ կրկնվում էր երիտասարդների շրջանում։ Լրագրները նոր-նոր լուրեր էին հաղորդում նրա մասին։ Շուտով ամբողջ երիտասարդությունը սկսեց հեռվից հարգել, սիրել և մինչև անգամ պարծենալ նրա անունով։
Բնագետ-տեսուչ, հասարակական գործիչ, ծայրահեղ հայրենասեր Բարգամյանը ստեպ-ստեպ դատապարտում էր բոլոր «ֆրազյորներին», բոլոր «պոռոտախոսներին», բոլոր «եսամոլներին», բոլոր «մտքի երկչոտներին», որ միայն իրենց անձի մասին էին մտածում։ Եվ այդ ժամանակ գրեթե միշտ կրկնում էր․
— Եթե ձեզանից մեկը մոռանա իր «եսը» այնպես, ինչպես այն մարդը, այն ժամանակ․․․
IV
Մի օր լեզվագետ Գալումյանը գնաց յուր ընկերներից մեկի տունը, ուր ժողովված էին մի քանի երիտասարդներ։ Ներս մտավ թե չէ՝ նա գոչեց․
— Կարդացե՞լ եք, պարոններ։
— Ի՞նչ։
— Բանից դուրս է գալիս, որ Խորենը ռուսահայ է։
— Ռուսահա՛յ,— գոչեցին բոլորը միասին, կարծես, մի տեսակ ուրախություն զգալով։
— Այո՛, ռուսահայ է, բայց հայտնի չէ որտեղացի է։
Այնուհետ Խորենը սկսեց ավելի հետաքրքրել նրանց։ Եվ ամեն մի լուր նրա մասին կլանում էին ագահությամբ։
Մի աշնանային երեկո Բարգամյանը ֆիզիոնոմիստ բժշկի հետ թև-թևի տված զբոսնում էին Գալավինսկի պրոսպեկտի վրա։ Նրանց մոտեցավ Գալումյանը։ Նա սաստիկ շփոթված էր երևում։ Առանց բարևելու նա կանգ առավ ընկերների առջև, ձեռները կողքին քաշ գցելով ասաց․
— Մի՞թե կարող է աշխարհի երեսին այդպիսի բան պատահել։