Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսում էր լուրջ բաների մասին։ Երբեմն նրա միտքը այնպիսի թռիչքներ էր գործում, որ ես հազիվ կարողանում էր երևակայությամբ հասնել նրան։ Նրա ոչ մի դատողությունը սովորական չէր, ոչ մի դարձվածք անգամ չէր արտասանում այնպես, ինչպես ուրիշները։

Նա զգայուն էր և անչափ զգայուն։ Նրան վրդովեցնում էր մարդկանց անտարբերությունը դեպի հալածվածները, չքավորները, խեղճերը։ Եվ այդ մասին խոսելիս, ավելի էր հուզվում, գունատվում, նրա ձայնը ավելի էր դողում։ Իսկ աչքերը — կրակի այդ անսպառ աղբյուրը — շարունակ կայծեր էին արձակում։

Ո՛չ, ես այդ տեսակ շարժուն դեմք կյանքումս էչ չեմ տեսել։ Մարդը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ներվերից։

Այնուհետև մերկ ներվերից։ Այնուհետև ես երբեմն գնում էի նրա սենյակը կամ ինքն էր գալիս ինձ մոտ: Նա խոսում էր ամեն բանի մասին, բացի մեկից — յուր անձնավորության և ընտանեկան վիճակի։ Իսկ ես, հարկավ այդ մասին չէի հարցնում։ Միայն ինձ թվում էր, որ նրա ազգանունը ինձ ծանոթ է, որ ես մի տեղ լսել եմ, թե կարդացել նրա մասին մի պատմություն։

Ես սիրեցի նրան։ Սիրում էր արդյոք նա էլ ինձ,— չգիտեի։ Զգում էի միայն, որ իմ այցելությունները նրան չեն ձանձրացնում։ Մեր սենյակները միմյանցից բաժանված էին Զարիֆյանի սենյակով։ Երբեմն Սանթուրյանի ձայնը լսում էի իմ հարևանի մոտից։ Շուտով նկատեցի, որ Զարիֆյանը արդեն գրավել է նրա համակրությունը...

III

Մելիտան պսակվեց և ամուսնու հետ տեղափոխվեց Օդեսա։ Մեր խմբի միակ զարդը մնաց Ադելաիդան, Զարիֆյանը սկսեց ավելի հետամուտ լինել նրան։ Թե ինչ ուներ սրտումը՝ այդ դժվար էր իմանալ նրա նման մի գաղտնապահ և խորամանկ մարդուց։ Միայն այդ երիտասարդի հարաբերությունը դեպի օրիորդը ինձ դուր չէր գասլիս, ինչպես և նա ինքն առհասարակ։