Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն նկատում էի, որ օրիորդի հետ խոսելիս, նրա քծնող աչքերի մեջ փայլում էր վավաշոտություն։ Ճշմարիտ է, Ադելաիդան չէր փախչում աչքի քաղցր և խորհրդավոր ժպիտներից, բայց նկատում էի, որ աչքի տակով դիտում է Սանթուրյանին և ավելի ուշադիր է դեպի նա։ Մինչդեռ ամեն բանի վերաբերմամբ զգայուն երիտասարդը տակավին անտարբեր էր նայում սիրուն օրիորդին։

Իմ բարեկամությունը Սանթուրյանի հետ օրեցօր դառնում էր մտերմական, բայց նրա ընտանեկան կյանքը ինձ համար դեռևս անթափանցելի էր։ Այն ուսանողը, որին օգնելու համար նա գրավ էր դրել վերարկուն, թոքախտ ուներ, շուտով մեռավ։ Նրա թաղման օրը Սանթուրյանը առավոտ կանուխ ինձ զարթեցրեց և խնդրեց տալ տասնհինգ ռուբլի պարտք։ Բարեբախտաբար մոտս փող կար, տվի։ Նա խելագարի պես դուրս թռավ և շտապով հայտնեց ինձ այն հիվանդանոցի տեղը, ուր խեղճ ուսանողին փոխադրել էին վերջին ամիսը։

Այդ օրը ինձ համար կմնա անմոռանալի։ Ես գնում էի հանգուցյալի դագաղի հետևից՝ տասի չափ աղքատ ուսանողների հետ։ Ներկա էր և Զարիֆյանը։ Նա յուր դեմքին տվել էր հանդիսին վայել տխուր, միայն իմ կարծիքով կեղծ՝ արտահայտություն։ Բայց, աստված իմ, այն ի՞նչ վիճակի մեջ էր Սանթուրյանը։ Երբեք մի հանգուցյալի դագաղի շուրջը ևս չէի տեսել այդքան ճնշված, ընկճված, վշտալի կերպարանք։ Թաղման հոգսերը նա յուր վրա էր առել։ Եվ հեռավոր Կովկասից եկած մարդը մի օտարազգի ուսանողի դագաղին հետևում էր այն վիճակում, որի մեջ գուցե միայն հարազատ մայրը կարող էր լինել։

— Ի՞նչ կապ կար նրանց մեջ,— հարցրի ես մի ուսանողից։

— Ոչինչ․ նրանք միևնույն ֆակուլտետի ուսանողներ էին․ ահա բոլորը,— պատասխանեց նա։

Դիակառքը հասավ գերեզմանատուն։ Միակ քահանան և միակ տիրացուն՝ կատարեցին վերջին կարգը։ Այն րոպեին, երբ չորս զույգ բիրտ ձեռներ ուզում էին դագաղը իջեցնել գերեզման,